Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է մշակել «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների տրմադրման» հայեցակարգը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրում է նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ մյուս շաբաթ այս հարցի շուրջ հանրային քննարկում է նախատեսվում։
– Հոգեկան առողջության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 22580 (որից 2070-ը երեխա), որը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդհանուր թվի ավելի քան 43 տոկոսն է:
Հանրապետությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝ միայն հաշվառված անձանց թիվը 51000 է, որը կազմում է հանրապետության բնակչության շուրջ 2%-ը:
Այս թիվը աճման միտում ունի. ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների, 2013-2017 թթ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝ միայն հաշվառված անձանց թիվը աճել է 6000-ով: Գաղտնիք չէ, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման, վերականգնման, հասարակություն վերադարձման գործում բուժական միջոցառումներից բացի, կարևոր նշանակություն ունի նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը, նրանց իրավունքների ու արժանապատվության հարգումը, ընտանիքի և այլ անձանց ջերմությունը, պատշաճ խնամքը, սոցիալական կապերը, զբաղվածությունը, սոցիալ-հոգեբանական տարբեր գործոնների առկայությունը, հասարակական կյանքին նրանց մասնակից դարձնելը և այլն:
Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայում հոգեկան առողջության ոլորտում առկա են հետևյալ խնդիրները`
1) շուրջօրյա խնամքի հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (տուն-ինտերնատներ) գերծանրաբեռնվածությունը և մեծածավալ լինելը, ինչը, բնականաբար, նրանց զրկում է շահառուների նկատմամբ անհատական և ըստ գնահատված կարիքի ծառայություն մատուցելուց, ինչպես նաև մեծ հաստատություններում սոցիալականացման մասին խոսք լինել չի կարող: Մեծ տուն-ինտերնատներում բնակվող անձանցից շատերն ի վիճակի են ինքնուրույն կենցաղ վարել, սակայն չունենալով բնակվելու համար այլընտրանքային տարբերակ, ստիպված մնում են ինտերնատներում: Այս դեպքում խախտվում է մարդու բնակության վայրի ընտրության իրավունքը, ինչպես նաև դժվարեցված է այս անձանց սոցիալական ինտեգրումը, միևնույն ժամանակ պետությունն ահռելի միջոցներ է ծախսում այս հաստատություններում տվյալ մարդկանց պահելու վրա.
2) համայնքային խնամքի, զբաղվածության և վերականգնողական կենտրոնների բացակայությունը.
3) հասարակության շրջանակում կարծրատիպերի առկայությունը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին.
4) որոշակի բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարանում ՀԱ և ՄԽ ունեցող մարդկանց սպասարկվելու սահմանափակումները. ճիշտ է` նշված անձանց ժամանակավոր կացարանում տեղավորելը խնդրի լուծում չէ, սակայն երբեմն հարկ է լինում ՀԱ և ՄԽ ունեցող անօթևան անձին ժամանակավորապես տեղավորել որևէ տեղ, մինչ կգնահատվի տվյալ անձի առողջական վիճակը և կարիքները ու կորոշվի, թե նրան ինչ ծառայություն է անհրաժեշտ.
5) ՀԱ և ՄԽ ունեցող մարդկանց համար համայնքներում «պաշտպանված» բնակարանների և ժամանակավոր կացարանների բացակայությունը, որոնց առաքելությունը այդ անձանց իրենց անհատական կյանքի ու կենցաղի կազմակերպման գործում աջակցելն է, ինչպես նաև հոգեբուժական հիվանդանոցից տուն՝ «կես ճանապարհին», ընտանիքում ապրելուն հարմարվելը.
6) ՀԱ և ՄԽ ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների բացակայությունը սպասարկման ծառայությունների տրամադրման սահմանափակումները.
7) համայնքային խնամքի փոքր տների բացակայությունը, ինչպես 18 տարին լրացած ՀԱ և ՄԽ ունեցող անձանց համար, այնպես էլ՝ ծերունական թուլամտություն (դեմենցիա, Այցհեյմերի հիվանդություն) և ծերունական փսիխոզով անձանց խնամքի համար,
8) հոգեկան առողջության ոլորտի մասնագետների պակասը և նրանց մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությունը: