Home / Առողջապահություն / Մինչև վաղաժամ զորացրելը զինվորին տարան հոգեբուժարան

Մինչև վաղաժամ զորացրելը զինվորին տարան հոգեբուժարան

2019թ. հունվարին առողջական խնդիրներով զորակոչված Դ. Բ.-ն «Հիվանդությունը ձեռք է բերել զինծառայության ընթացքում» նշումով 2019թ. ապրիլի 19-ին զորացրվել է՝ ճանաչվելով  զինծառայությանը ոչ պիտանի:

Ի սկզբանե Դ. Բ.-ն զինծառայությանը սահմանափակումով էր պիտանի ճանաչվել։ Զորակոչվելուց որոշ ժամանակ անց նրա մոտ ոտքերի ցավեր են սկսվել և անգամ բուժմաս դիմելուց հետո ոչ միայն չեն դադարել, այլ ավելի են սրվել։

2019թ. փետրվարին տեղափոխվել է նախ տեղի, ապա Երևանի զինվորական հոսպիտալ։ Ոտքերի խնդիրներին զուգահեռ նրա մոտ նաև կակազություն է նկատվել։ Բժիշկներն այդ նշանները վերագրել են սթրեսին և դեղամիջոցներ նշանակել դրա դեմ, ապա ուղեգրել Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք, որտեղ էլ բավականին երկար ժամանակ է մնացել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 2019թ. մարտի 23-ին դիմել է Դ. Բ.-ի քույրը և հայտնել, որ եղբորը պատշաճ չեն հետազոտել, միայն բանավոր հարցերի միջոցով են եզրակացության եկել, և այդ պահին նա ցավազրկողներ ու ինչ-որ դեղահաբեր է ստանալիս եղել նշված բաժանմունքում։ Իրավապաշտպաններին դիմելու օրը, քրոջ փոխանցմամբ, Դ. Բ.-ն չի կարողացել նույնիսկ շարժել ոտքերն ու ձեռքերը, նկատել է վերջույթների թուլություն։

Զինծառայողին համապատասխան բուժում տրամադրելու կամ անհնարինության դեպքում նրա պիտանիության հարցը վերանայելու և վաղաժամ զորացրելու հարցով 2019թ. մարտի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

Ուղիղ մեկ ամիս անց՝ 2019թ. ապրիլի 25-ին թվագրված գրությամբ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Գ. Հայրապետյանը հայտնել է, որ 2019թ. ապրիլի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախաձեռնությամբ բժիշկ հոգեբույժի հետ համատեղ քննարկման արդյունքում Դ. Բ.-ն ներկայացվել է ԿՌԲՀ նիստին և զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվել։

2019թ. ապրիլի 19-ին Դ. Բ.-ն արձակվել է պահեստազոր։