Նոյեմբերի 6-ին, Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Ստեփանավանի բնակիչ Սուսաննա Բարոյանը և հայտնել, որ քննիչ Էդուարդ Պողոսյանը, որը իրեն 2018թ. սեպտեմբերի 3-ին ձերբակալել է, Աբովյան ՔԿՀ-ից վերադառնալուց հետո հետապնդում է իրեն, անընդհատ զանգահարում, պահանջում անձնագիրը՝ պատճառաբանելով, թե այն պետք է մնա իրենց մոտ: Սուսաննա Բարոյանի փոխանցմամբ՝ քննիչը նաև սպառնում է, որ իր ասածները չանելու դեպքում նրան կձերբակալի և հոգեբուժարան կուղարկի:
Իր դիմումում նա հայտնել է, որ 2010թ.-ից մինչ օրս նման նախադեպեր եղել են:
Համաձայն Սուսաննա Բարոյանի դիմումի՝ երեկ առավոտյան ևս քննիչը զանգել է և ասել. «Այսօր քո ուրախության ու ազատության վերջին օրն է», որից հետո մեծ թվով ոստիկաններ են եկել իր տան մոտ և սկսել թակել դուռը, և նա, վախենալով, որ բերման կենթարկեն, փախել է տնից:
Սուսաննա Բարոյանը հայտնել է, որ իր ընտանիքը հետապնդումների է ենթարկվում, բնակարանը ապօրինի կալանքի տակ է, և երբ նա այդ հարցը բարձրացնում է, սպառնում են ձերբակալել ու հոգեբուժարան ուղարկել:
Քաղաքացին նույնաբովանդակ ահազանգ էր տվել նաև նախորդ օրը: Նա հայտնել էր, որ նույն քննիչը փողոցում հանդիպել է իրեն և ասել, որ գործը փակված չէ, և պետք է միասին Վանաձոր գնան այդ հարցով: Երբ Սուսաննա Բարոյանը պահանջել է պատշաճ ձևով ծանուցել իրեն, քննիչը սպառնացել է, որ կխփի և ասել. «Ոնց ասում եմ, այնպես էլ արա, քննիչը ես եմ, ես գիտեմ»:
Այդ մասին Սուսաննա Բարոյանը ահազանգել է նաև Ոստիկանության թեժ գիծ: