Բանտ թմրամիջոցներ փոխանցելու համար մեղավոր ճանաչված և 11 տարով ազատազրկված Հովհաննես Չոլախյանի վճիռը բեկանվել է, քանի որ ի հայտ է եկել նոր հանգամանք․ Չոլախյանի հաղորդման հիման վրա Հատուկ Քննչական ծառայությունը քննել և վճռել է, որ հետաքննիչը կեղծել էր գործի ապացույցները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հետաքննիչ Սամվել Ալոյանը կեղծիքի համար դատապարտվել է, իսկ Չոլախյանի դեմ այդ ապացույցներով կայացված վճիռը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից։
Չոլախյանի փաստաբան Սեյրան Ազիզյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ ՔԿՀ֊ում փաստերի կեղծված լինելու, իսկ ոստիկանությունում Չոլախյանին դաժան խոշտանգումների ենթարկելու՝ մատները վառարանի վրա այրելու միջոցով ցուցմունքի կորզման փորձի մասին բազմիցս բարձրաձայնվել էր առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում, սակայն դատարանները չեն քննել այդ հայտարարությունները՝ Հովհաննես Չոլախյանի մեղքը ապացուցված համարելով։ Վճռաբեկ դատարանն առհասարկ բողոքը վարույթ չէր ընդունում, մինչև որ ՀՔԾ֊ն չապացուցեց, որ հետաքննիչը կեղծել է նյութերը։
«Առանց ընթերականների գործը սարքել, ուղարկել էին Ոստիկանություն։ Հետո կեղծ ընթերականների ստորագրություններ էին դրել։ Հիմա գործը բեկանվել է, նոր երևան եկած հանգամանքներով վերաբացվել է, գտնվում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ Եղվարդում։ Մի անգամ հետաձգվել է, առաջին նիստը կայանալու է մայիսի 29֊ին»,֊ ասել է Սեյրան Ազիզյանը։
Փաստաբանն ասել է, որ խոշտանգումների մասին Չոլախյանի բողոքները արդյունքի չեն հասել, քանի որ սկզբնական շրջանում նա չի ունեցել պաշտպան։
Կողմը ակնկալում է, որ նոր սկսված դատավարությամբ Չոլախյանը կարդարացվի ու թեև արդեն 2 տարի է՝ կալանավորված է, բանտում չի անցկացնի ևս 9 տարի։
«Եթե այստեղ հարցը չլուծվի, մենք դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,֊ ասել է Սեյրան Ազիզյանը։