Home / Ոստիկանություն / Հունան Պողոսյան․ Պատժել հասարակությունում վխտող ճիճուներին, ոջիլներին, վիժվածքներին

Հունան Պողոսյան․ Պատժել հասարակությունում վխտող ճիճուներին, ոջիլներին, վիժվածքներին

Փողոցային տարբեր խաղաղ ակցիաների մասնակիցների հանդեպ բռնություն կիրառող գործողությունների հրամանատար, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է «քաղաքական ռասիզմի» անթույլատրելիության մասին։ Դրան արձագանքել է «Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ով Ֆեյսբուքի իր էջում հիշեցնում է 2018-ի հունվարին իրավապաշտպանական կազմակերպության անունից հրապարակած բաց նամակը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։

«2018 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյանն առընթեր Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (Կոլեգիայի) անդամ Հունան Պողոսյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է՝ «Հասարակությունում վխտող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել ու շարունակելու է» և «միշտ ոստիկանությունը կոնկրետ էս վիժվածքներին պատժել է»: Հունան Պողոսյանին պաշտոնի նշանակել եք Դուք՝ Ձեր հրամանագրով:

Թեև անչափ կարևոր է, թե ում է ուղղված նրա այդ արտահայտությունները, այդուհանդերձ ցանկանում ենք հասկանալ՝ Դուք նրան պաշտոնի նշանակե՞լ եք այդ դատապարտելի բառապաշարի, թե՞ ոստիկանական գործառույթներ իրականացնելու համար: Ինչ վերաբերում է այդ խոսքերի հասցեատիրոջը կամ հասցեատերերին, ապա որևէ անձ, առավել ևս բարձր պաշտոնատար անձ, իրավունք չունի անձանց մասին նման արտահայտություններ թույլ տալ:

Սույն դեպքում անմեղության կանխավարկածի կամ սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Պետական բարձրաստիճան պաշտոնյան իր վարքով ու աշխատանքով պարտավոր է օրինակ ծառայել իր ենթականերին ու հանրությանը. դա՞ է Հ. Պողոսյանի օրինակն իր ենթակա ոստիկանության աշխատակիցների կամ հանրության համար: Պահանջում ենք ապահովել Նախագահի հրամանագրի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ հարգանքը և քննարկել Հունան Պողոսյանի հետագա պաշտոնավարման հարցը», – ասված էր բաց նամակում: