«Այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ»։ Այսպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու որոշումը։
Կառավարությանն արտահերթ նիստի ընթացքում Փաշինյանը, մասնավորապես, ասել է․ «Այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ, և ես հիմա ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել, թե ինչ ենք մենք ուզում անել․․․ Երևանի քաղաքապետի երդմնակալության օրը ունեցած ելույթում ես ուրվագծեցի հետհեղափոխական ժամանակների մեր պատկերացրած տրամաբանությունը և ասացի, որ ամենակարևոր խնդիրը մեզ համար, այդ թվում և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերին, ավարտված համարել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափուխությունը։
Այս իմաստով ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իր կյանքն ավարտված չհամարի։ Մենք չպետք է թուլյ տանք, որպեսզի զարգանա այնպիսի մի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ի սկզբանե ենթարկվում են որոշակի վերաբերմունքի միայն այն պատճառով, որ պաշտոնավարել են, առնչություն են ունեցել նախկինում Հայաստանում գործած կառավարության ներկայացուցիչների հետ»։
Միևնույն ժամանակ Փաշինյանը, շեշտեց, որ այս տրամաբանությունը որևէ կերպ չի նշանակում ինդուլգենցիա որևէ մեկի համար։
Հունան Պողոսյանի մասին նա ասել է նաև, որ հեղափոխության ժամանակ նա բարիկադներից այն կողմ է եղել, ինչպես այժմյա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը և «այլ մեր հարգելի գործընկերներ»։
Արագածոտնի մարզպետ է ընտրվել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը, ով, ըստ Փաշինյանի, թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր, Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը: Վերջինիս նա բնութագրեց որպես «քաղաքական նախընտրություններ չունեցող կամ, ավելի ճիշտ, քաղաքական նախընտրություններ չունեցող, կամ, ըստ էության, քաղաքական չեզոք միջավայրից եկող» գործիչ։
Ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը Պողոսյանն արդեն 10 տարի էր զբաղեցնում։ Ըստ Հետք-ի, նա ոստիկանապետի մյուս տեղակալների համեմատ ամենահարուստն է:
Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագիրը, պարզվեց, որ նա նշված տարում ստացել է 4 մլն 552 հազար 80 դրամի եկամուտ, որը աշխատավարձն է: Բացի այդ, նրա հաշվին 2011-ի տարեսկզբին եղել է 75 մլն դրամ, տարեվերջին` 72 մլն: Անփոփոխ է մնացել միայն դոլարային դրամական միջոցը` 40 հազար:
Ոստիկանապետի տեղակալի հայրը` Հրաչ Պողոսյանը, նշված տարում դարձյալ որեւէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվեհամարին տարվա սկզբին եղել է 140 միլիոն դրամ, որը տարավերջին 0 է դարձել: Անփոփոխ է մնացել արտարժույթով ունեցած գումարը` 100 հազար դոլար: Իսկ մայրը՝ Հեղինե Պողոսյանը, կենսաթոշակառու է: Նրա տարեկան եկամուտը գոյացել է հենց ստացած կենսաթոշակից` 336 հազար դրամ: Սակայն նրա հաշվեհամարին եղել է 1 մլն 500 հազար դրամ եւ 5000 դոլար:
Հունան Պողոսյանի որդու` Հրաչյա Պողոսյանի միակ եկամուտը ստացած նվիրատվությունն է` 140 մլն դրամ: Նա այդ գումարով ձեռք է բերել հողամաս եւ բնակելի տուն: Հավանաբար Հրաչյայի նվերը պապից է, քանի որ վերջինս ունեցել է նույնքան գումար 2011-ի տարեսկզբին, որը տարեվերջին զրոյական է դարձել:
«Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերն արդեն սկսեցին արձագանքել Պողոսյանի նշանակմանը․
– Ես կողմ եմ հումանիզմին, այլ ոչ հունանիզմին։
– Թավշյան աբսուրդ չէր, փաստ է, և բովանդակությունը բացառիկ ոչ բռնի, խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներն էին, բայց հիմա բոլորովին այլ խնդրի հետ ենք առնչվում՝ օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի չպահպանման, ընտրողական մոտեցման փաստի հետ։
– Շատ վատ, խայտառակ որոշում, Օսիպյանի դեպքին համարժեք: Նոր Հայաստանի կողմնակից էիր, բա մինչև ապրիլի 22-ը կարտահայտվեիր։
– Մի հատ ճշտեք, գուցե Դավիթ Հարությունյանն էլ, Գալուստ Սահակյանն էլ, Արփինե Հովհաննիսյանն էլ նոր Հայաստանի թաքնված աջակիցներ են եղել, տեղյակ չենք եղել։ Վերջում երևի միակ ՀՀԿ ֊ական մնալու է Է.Շարմազանովը։
– Ժողովուրդ , երբ ե՞նք դուրս գալիս փողոց` կադրային սխալ քաղաքականության դեմ:
– Դեկտեմբերի իննին, եթե շարունակվի։
– Հունան Պողոսյան միլիցուն մարզպետ նշանակելուց դժգոհողների հասցեին այդ ակադեմիկոսները ելույթներ են ունենում, թե «…բա որ ասում էինք, բանի տեղ չէիք դնում, նիկոլոզոմբի էիք դառել… հիմա հասկացա՞ք ինչ քաքի մեջ եք հայտնվել/ներքաշել ձեզ …»: Այդ վեհապանծ ակադեմիստները բոլոր այն սխալները եւ թերությունները, որ թույլ են տվել նոր իշխանությունները, փորձում են վերագրել ամբողջ հեղափոխությանը, մտածել տալ, թե դրանք ոչ թե սխալներ կամ թերություններ են, այլ հենց պլանավորած դավադիր սցենարի մաս, որ սա ոչ թե թերություններով ու սխալներով հեղափոխություն է, այլ ոչ մի հեղափոխություն էլ չէ, իշխանափոխություն է, որ Սերժիկն անում է Նիկոլի ու մեզպես հարիֆների միջոցով, որպեսզի Ռոբիկը չզբաղեցնի հանկարծ իշխանութունը եւ այլ զառանցագույն պատմություններ:
Սկզբում կարծում էի, թե Հունան միլիցու նշանակումից Հայաստանում երկու հոգի է գոհ մնալու՝ ինքն ու մահտեսի Մենուան, հիմա արժե, որ նրանք քեֆի հրավիրեն նաեւ Չակուջի ակադեմիայի պատվավոր անդամներին: Հունան միլիցին ու իրպեսները տեղ չունեն, չպիտի ունենան Նոր Հայաստանի կառավարման/իշխանական համակարգում, սա իմ համոզմունքն է, ինչքան էլ երդվեն Նոր Հայաստանի անունով: Բայց էդ նշանակումը համարել ապացույց, թե հեղափոխություն արած ու ազատագրված ժողովուրդը հավ է, նշանակում է ոչ այնքան հաջողակ կրիպտովիժվացք լինել կամ հաջող իժվացք լինել:
Չակուջի ակադեմիայի պատվավոր անդամներին խանդաղատանքով տեղեկացնում եմ, որ Ռոբիկն ու Սերժիկը ու դրանց համահարթեցված անձինք ետ չեն դառնալու, Հայաստանում իշխանությունը այլեւս երբեք դրանց չի պատկանելու, հանդարտվեք, մղկատեցեք մղկտացյալ եւ ալելույա: