Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի Վալերի Օսիպյանին (նկարում՝ տակից) Հայաստանի ոստիկանապետ նշանակելու մասին շատերի մտահոգությունները։ Քիչ առաջ՝ ուշ գիշերին, նա ֆեյսբուքով ուղիղ եթեր է մտել և պատմել այդ քայլի իր հիմնավորումները։
«Ինչո՞ւ որոշեցի Վալերի Օսիպյանին նշանակել ՀՀ ոստիկանապետ։ Նախ ասեմ, որ ըստ օրենսդրության, ՀՀ ոստիկանապետի պաշտոնում պետք է նշանակվի ոստիկանության կամ հարակից համակարգերից որևէ մեկում բարձ կոչում ունեցող մեկը։ Համակարգից դուրս հնարավոր չէր մարդ բերել ըստ էության։ Եթե վերցնենք մեզ և ձեզ հայտնի չափանիշները, ապա ոստիկանության համակարգում չկա որևէ պաշտոնյա, որի նկատմամբ չլինեն պրետենզիաներ։ Եվ տվյալ դեպքում, երկար մտածելով, ընտրությունս կանգնեց նրա վրա։
Նախ՝ Վալերի Օսիպյանը կոռումպացված չէ։ Սա ոստիկանական համակարգում քիչ պատահող երևույթ է։ Նա որևէ կլանի անդամ չէ, այդ թվում ոստիկանական։ Ըստ էության՝ Հայաստանում ոստիկանությունում առաջխաղացման համար գործել են ձեզ և մեզ հայտնի մեխանիզմերր՝ տանիք, մեջք և այլն։
Օսիպյանը իր կարիերան արել է, ըստ էության, փողոցներում սևագործ աշխատանք անելով։ Նա այդ դիրքում հայտնվել է, քանի որ որևէ կլանի անդամ չէ և կոռուպցիոն համակարգի մաս չէ։ Իսկ կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչները կարողացել են այդ սևագործ աշխատանքից խուսափել իրենց հովանավորյալների շնորհիվ և տանիք չունեցողներից մեկը հայտնվել է փողոցում։ Այո՛, Օսիպյանը, ինչպես ինքն էլ է հայտարարել այսօր, երբեմն գուցե նաև այս դիրքից և իրավիճակից դրդված, փողոցում սևագործ աշխատանքն է արել։
Ես 2007 թվականից Հայաստանում փողոցներում քաղաքական գործունեություն եմ ծավալում և, ըստ էության, մեր դեմ առ դեմ մարտը շարունակվել է մինչև 2018 թվականը և նաև գուցե այս պատմությունն է պատճառը, որ դարձել է փաստարկ Վաելի Օսիպյանի հաշվին։ Մենք նրան ամբողջովին ճանաչում ենք և նրա հասցեին մեր քննադատությունները պիտի դառնա այն լծակը, որ պիտի օգնի, որ Օսիպյանին լինի այն ոստիկանապետը, որ անհրաժեշտ է Հայաստանին։
…Կարելի էր ոստիկանությունից որևէ մեկին այդ պաշտոնում նշանակել, որ հանրությանը հայտնի չէր լինի, բայց նրա թիկունքում կլինեին բազմաթիվ պատմություններ կոռուպցիայի կամ այս կամ այն կլանի ներկայացուցիչը լինելու մասին։
Սակայն նա կոռումպացված չէ և կլանի անդամ չէ։ Ի դեպ՝ նա մինչև հիմա ապրում է Նուբարաշեն համայնքում։
Օսիպյանի գործողություններից ես անձամբ եմ տուժել ձեզ հայտնի օրը։ Եվ եթե իմ վիրավոր ձեռքը և վերքերը դնենք մի կշեռքին և մյուս կշեռքին դնենք որևէ կլանի անդամ և կոռումպացված չլինելը, ինձ համար ավելի նախընտրելի է 2-րդ չափանիշը։
․․․Ես նրա առաջ դրել եմ շատ խնդիրներ և դրանք պետք է արագ լուծվեն, որ հանրությունը համոզված լինի, որ ոստիկանությունը փոխվում է դեպի լավը և կոնկրետ խնդիրենր պետք է լուծի։
Դրել եմ 3 խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, որ պետք է լինի առաջնահերթ, հետո կրիմինալ ակտիվությունը պետք է հասնի նվազագույն մակարդակի։ Ոստիկանությունը պետք է վերջ տա մարդկանց ամենուր տուգանելու մոլուցքին։ Առաջադրել եմ նաև արմատախիլ անել ընտրակաշառքի ինստիտուտը։
…Ես հասկանում եմ բոլոր մտահոգությունները, բայց և խնդրում եմ շանս տանք ինքներս մեզ և ուրիշներին, ովքեր ուզում են այդ շանսից օգտվել», – մասնավորապես ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ այսօր տեղափոխվելու են ՀՀ վարչապետի պետական առանձանտուն։ «Ինչո՞ւ։ Ըստ ՀՀ օրենսդրության, վարչապետը պետք է ապրի այդ առանձանատանը և եթե այն դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ ստացվել, որ ՀՀ-ում չկա վարչապետ», – ասել է Փաշինյանը։