Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում անցկացվող նստացույցի 5-րդ օրվա (հունիսի 26) մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ակցիայի մասնակից Զառա Հարությունյանը․
«Այսօր առավոտյան՝ ժամը 8֊ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում գիշերած ցուցարարներին է մոտեցել շքեղ սև մեքենա ծառայողական համարանիշներով, որից (անսպասելիորեն) դուրս է եկել Վալերի Օսիպյանը (լուսանկարում հունիսի 23-ի ցույցը ցրելու ժամանակ)։ Երևանի փոխոստիկանապետը, որի հրամանով երեք օր առաջ տեղի է ունեցել ցուցարարների ջարդը, մոտեցել է ոստիկաններին ցուցարարներից բաժանող բարիկադներին՝ ցուցարարների կողմից։ Օսիպյանը ցույց տվեց, որ ցանկացած պահի կարող է հատել պայմանական սահմանն ու մեր վրայով անցնել իր շքեղ ավտոմեքենայով, ու նրան դրա համար ոչինչ չեն անի։ Եթե բարիկադը հատենք մենք, մեզ կծեծեն ու կմեկուսացնեն։ Իսկ նա՝ Վալերի Օսիպյանը, ում հրամանով ահաբեկվել ու վնասվել են հարյուրավոր մարդիկ, կարող է այն հատել երբ ցանկանա, ինչպես ցանկանա։ Ու թույլտվություն խնդրելու կարիք նա չունի։ Նրան, առավելագույնը, կարող են նվաստացնել, սուլել, խնդրել «անհապաղ հեռանալ»։ Բայց չսուլեցին։ Նրան նույնիսկ չարհամարհեցին։
Նրան ծափահարում էին․ Վալերի Օսիպյանը քայլում էր ցուցարարների օվացիաների ներքո։ Նա հրամայել է ծեծել մարդկանց, իսկ նրա հրամանով ծեծված մարդիկ այսօր նրան ծափահարում էին։
Հետո եկավ Վովան։ Ոստիկանապետը։ Պարզվեց՝ նա էլ է մեր կողմից․ սատարում է մեզ, ապահովում է մեր անվտանգությունը։ Մեր հանդեպ (այլևս) ուժ չի կիրառելու։ Եթե գործընթացը չքաղաքականացնենք։ Եթե գործընթացը չքաղաքականացնենք։ Նա անգամ գաղութատիրությանը դիմակայության մասին խոսեց։ Դիմակայություն գաղութատիրությանը՝ առանց գործընթացի քաղաքականացման։ Նրան նույնպես ծափահարում էին։
Իսկ դրանից առաջ աղոթք էր։
Երեկոյան տեղի ունեցավ հերթական երթը։ Մաշտոցի փողոցն ավելի քան կես ժամ արգելափակված էր ինքնաբուխ նստացույցի պատճառով։ Կենտրոնում երթևեկության զգալի հատվածը կանգնած էր։
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ Տրանսպորտի նախարարի հետ։ Կազմակերպվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության աուդիտ՝ փորձագետների, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սոկոլովի խոսքով, բոլոր գործողություններն անցկացվելու են առավելագույնս բաց ու թափանցիկ։
Մեկնաբանելով աուդիտի մասին հաղորդագրությունը՝ ցուցարարները հայտարարել են, որ այն չի բավարարում իրենց պահանջները՝ չեղյալ հայտարարել հոսանքի սակագինը բարձրացնելու որոշումը, վերանայել անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով, պատժել խաղաղ ցուցարարներին հունիսի 23֊ի առավոտյան ապօրինաբար ցրած ոստիկաններին։
«Ոչ թալանին» նախաձեռնությունը, որի կազմի մեջ մտնում են նաև ծայրահեղ աջ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկա դրությամբ գրեթե ամբողջությամբ վերահսկում է ցույցերի ընթացքը։
Հայաստանյան ցույցերն առաջնորդներ ունեն։ Հակառակը պնդող նախկին հայտարարություններն այլևս արդիական չեն»։