Վերջին ժամանակներում Իրանի Իսլամական հանրապետությունում ապաարգելափակել են WhatsApp-ը և Google Play-ը, կասեցվել է հիջաբ կրելու կանոնները խստացնող օրենսդրությունը, թույլատրվել է քաղաքական գծի քննադատությունը ռեֆորմիստների կողմից։ Այս «ձնհալը» բացատրվում է ոչ թե իրանական էլիտաների տրամադրվածության փոփոխությամբ, այլ վախերով, որոնք իշխանությունների մոտ առաջացել են Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո։ Իրանական նոր քաղաքականության ու դրա հետևանքների մասին «Մեդուզան» զրուցել է «Բոլորին Իրան» գրքի հեղինակ, արևելագետ Նիկիտա Սմագինի հետ։
2024-ի սկզբում Իրանի քաղաքական գիծը պարզ էր ու հստակ։ Պահպանողականները ռեֆորմիստներին դուրս էին մղել իշխանության ընտրվող օրգաններից (նախագահ և խորհրդարան՝ Մեջլիս), իսկ առանցքային չընտրվող օրգաններում (Հոգևոր առաջնորդ և Սահմանադրության պահապանների խորհուրդ) «լիբերալներ» իսկզբանե չկային։ Մոնոլիտ պահպանողական իշխանությունները գնալով ձգում էին շղթաները.
— մահապատիժների թիվը կտրուկ աճել է. 2020 թվականի 246-ի փոխարեն 2023-ին 834 մահապատիժ էր իրականացվել,
— հիջաբ կրելը պարտադրող նոր մեթոդներ են ներմուծվել, «խելացի տեսախցիկներն» ամենուրեք ֆիքսում են առանց հիջաբի կանանց, որոնք հետո տուգանում կամ զրկում են աշխատանքային բոնուսներից,
— արգելափակվել են նաև Instagram-ը և WhatsApp-ը՝ երկրում գործող վերջին մեծ սոցիալական հարթակները, որոնց հասանելիությունը սահմանափակված չէր։
2024-ի մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է պահպանողական նախագահ Իբրահիմ Ռայիսին։ Կազմակերպված արտահերթ ընտրություններում անսպասելի հաղթանակ է տարել ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը։ Նրա ընտրվելուն երկրում հիմնականում սկեպտիկորեն էին վերաբերվում, զգալի ռեֆորմների հույս ոչ ոք չուներ։ Փեզեշքիանը, սակայն, հետաքրքիր նշանակումներ է արել։ Օրինակ Քուրդիստանի նահանգապետի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է սուննի մահմեդական։ Սուննիներով բնակեցված նահանգը պատմականորեն ղեկավարում էին շիա պաշտոնյաները։
2024-ի վերջերում իրավիճակը սկսեց փոխվել։ Դեկտեմբերի կեսերից իրավական ուժ պետք է ձեռք բերեր օրենքի նախագիծը, որը խստացնում էր հիջաբ չկրելու համար նախատեսվող պատժի միջոցները։ Նոր օրենքի համաձայն, ոչ պատշաճ համարվող հագուստի համար սահմանված տույժերը մեծանում էին։ Տուգանքը չվճարածներին զրկում էին բանկային և սոցիալական ծառայությունների հասանելիությունից։ Ձեռներեցներին պատասխանատվության էին ենթարկում ենթակաների հիջաբի բացակայության համար։ Բայց դեկտեմբերի սկիզբ Իրանի նախագահը հայտարարեց, որ օրենքը դեռևս չի գործի, քանի որ լրամշակման կարիք ունի։
Դեկտեմբերի վերջ իշխանություններն ապաարգելափակեցին WhatsApp մեսենջերը և Google Play-ը։ Ու թեև Instagram-ը, X-ը, Facebook-ը, Telegram-ը և YouTube-ը միևնույն է մնում են արգելափակված, այս նոր քայլը կոտրում էր անվերջ արգելքների ու արգելափակումների շղթան։
Միաժամանակ, մեդիաներում գլուխ են բարձրացրել ռոֆորմիստ գործիչները, որոնք ժամանակին պաշտոններ են զբաղացրել կառավարությունում։ Օրինակ, իշխանությունների քննադատությամբ հանդես է եկել նախկին նախագահ Հասան Ռուհանին։
Թեհրանը սկսել է նահանջել նաև երկրի միջուկային կարգավիճակի մասին խոսակցություններում։ Դեկտեմբերի սկզբին իշխանությունները համաձայնել են մեծացնել Ատոմային էներգիայի համաշխարհային գործակալության ստուգումները Ֆորդոյի միջուկային օբյեկտում։ Նաև պարբերաբար հնչում են հայտարարություններ Իրանի՝ միջուկային ծրագրում բանակցությունների պատրաստակամության մասին։
ինչ կապ ունի Սիրիան
Բաշար Ասադի ռեժիմի տապալումը խախտեց Թեհրանի տարիներով ստեղծած «դիմադրության առանցքը»։ Ընդ որում, Սիրիայի «անկումից» առաջ Իսրայելը ոչնչացրել էր Իրանի լիբանանյան դաշնակից Հեզբոլլահի ռազմական պոտենցյալի առյուծի բաժինը։ Հոկտեմբերին Իրանի և Իսրայելի միջև ուղիղ հարվածներից հետո Իրանը համոզվեց, որ իր հակաօդային պաշտպանությունն ի վիճակի չէ դիմագրավել իսրայելական հրթիռներին։ Իսրայելի հարվածներից տուժել էին անգամ С-300 կայանները, որոնք Թեհրանի արսենալի ամենաուժեղ ՀՕՊ միջոցներից էին։ Այդ հրթիռակոծության արդյունքում Իրանն ընդհամենը մի քանի ամսում ավելի շատ ռազմական կորուստներ է ունեցել քան նախորդած երեք տասնամյակների ընթացքում։
Սիրիական ռեժիմի անկումը Իրանի համար կարևոր է ոչ միայն ռազմական տեսանկյունից։ Իշխանությունները նման սցենար տեսնում են նաև իրենց համար։ Առնվազն, Իրանում գտնվող ընդդիմադիրները կարող են ոգեշնչվել Սիրիայի օրինակից և գործողություններ սկսել, ցույցեր հրահրել։ Իսկ դժգոհության պատճառներ երկրում շատ կան. գնաճի տարեկան ցուցանիշը 40 տոկոսից չի իջնում, տեղական փողը շարունակում է արժեզրիվել։ Արդյունքում, նույնիսկ ՀՆԱ-ի ֆորմալ 3-5 տոկոս աճը վերջին հինգ տարիներին ոչինչ չի նշանակում. բնակչության իրական եկամուտը շարունակում է նվազել։
Այս արդեն սովորական դարձած տնտեսական խնդիրներին 2024-ի սեպտեմբերից գումարվել է ևս մեկը՝ էներգետիկ ճգնաժամը։ Էլեկտրաէներգիայի անջատումներ երկրում միշտ էլ լինում էին, հիմնականում՝ ամռանը։ Էլեկտրակայանների հզորությունները չէին բավականացնում օդափոխման համակարգերի համար։ Այժմ խնդրի բնույթը փոխվել է. արտադրական հզորությունները կատարելագործվել են, բայց երկիրը անհրաժեշտ էլեկտրաէներգիան արտադրելու համար չունի բավարար վառելիք՝ գազ կամ մազութ։ Պակասը լրացնելու համար հաճախ կարիք է առաջանում անջատել քաղաքացիների էլեկտրաէներգիան։
Իրանում բնակչությունը գրեթե չի վճարում հոսանքի, բենզինի ու ջրի համար։ Արդյունքում, մարդիկ հակված չեն խնայողաբար օգտագործել այդ ռեսուրսները։ Բյուջեում ամեն տարի ավելի է խորանում կոմունալ ծառայությունների սուբսիդավորումից գոյացող ճեղքը։ Գների բարձրացման ցանկացած փորձ ավարտվում է զանգվածային բողոքի ցույցերով։ Օրինակ 2019-ի նոյեմբերին բենզինի գնի թանկացումը հանգեցրեց ակցիաների ու բախումների, որոնց ընթացքում շուրջ 1500 մարդ սպանվեց։