Home / Շուկա / Քաղաքացիական պատերազմը Սիրիայում նորից ակտիվ ֆազայում է

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում նորից ակտիվ ֆազայում է

Սիրիայում նորից քաղաքացիական պատերազմ է։ Ապստամբների կոալիցիան գրավել է Հալեպը։

Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) խմբավորման ղեկավարությամբ ապստամները հարձակումներ են սկսել Բաշար Ասադի կառավարության վերահսկողության տակ գտնվող օբյեկտների վրա։ Կոալիցիան հենց առաջին օրը հայտարարել էր ռազմական բազայի և 15 գյուղերի գրավման մասին։ Ավելի ուշ խմբավորումները փակել էին Հալեպը Դամասկոսին կապող մայրուղին։ Նոյեմբերի 29-ին ապստամբերն արդեն լուսանկարներ էին հրապարակում հին ցիտադելից, որը 2012-2015 թվականներին Ասադի ռեժիմի անառիկ բազան էր։ Նոյեմբերի 30-ից Հալեպ քաղաքն ամբողջությամբ գտնվում է խմբավորումների վերահսկողության տակ։

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011 թվականին՝ ավելի լայն «Արաբական գարնան» շրջանակներում սկսված հակակառավարական ակցիաներից։ Ապստամբների կոալիցիաները միշտ կազմված են եղել ամենատարբեր գաղափարախոսության խմբավորումներից, որոնց միավորում էր Ասադի ռեժիմը տապալելու ցանկությունը։

Խմբավորումների կոալիցիաներին պատմականորեն աջակցում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ալ Քաիդան, Իսլամական պետությունը։ Ասադի կառավարության կողմից են Ռուսաստանը, Իրանը, Հեզբոլլահը։

Երբ 2014-ին Իսլամական պետությունը դարձավ տարածաշրջանում ամենազդեցիկ ուժը, հակամարտության մեջ ներգրավվեց «միջազգային հանրությունը»՝ ԱՄՆ գլխավորությամբ։ Պայքարում էին ԻՊ զինյալների դեմ, իսկ Ասադի ռեժիմին առանձնապես չէին կպնում։ 

2020-ին ռուսական աջակցությամբ Ասադը կարողացավ գրավել Սիրիայի տարածքի շուրջ 70 տոկոսը։ Ապստամբների վերահսկողության տակ մնացել են երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանները, Թուրքիայի հետ սահմանամերձ մասերը։ Սիրիական անապատում պահպանվել են նաև Իսլամական պետության փոքր խմբավորումներ։ Հյուսիսարևելյան շրջանները քրդական ապստամբներինն են, հյուսիսային սահմանամերձ մասերը վերահսկվում են թուրքական բանակի կամ թուրքամետ սիրիական խմբավորումների կողմից։ Հակամարտության կողմերը պատային իրավիճակում էին հայտնվել, ինչի արդյունքում Ռուսաստանի ու Թուրքիայի միջամտությամբ կրակի դադարեցման համաձայնություն կնքվեց Իդլիբ նահանգում։

Ովքե՞ր են գրավել Հալեպը

Ապստամբների նոր կոալիցիան ղեկավարում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) կամ «Լևանտի ազատագրման կազմակերպություն» խմբավորումը, որը հիմնադրվել է 2011 թվականին։ Իսկզբանե այն կոչվում էր «Ջաբհաթ ան-Նուսրա» և Ալ-Քաիդայի տեղական ճյուղն էր։ Խմբավորման հիմնադիրներից էր Աբու Բաքր ալ-Բաղդադին, ով ավելի ուշ դարձել է Իսլամական պետության առաջնորդը։ 

Քաղաքացիական պատերազմի ակտիվ շրջանում ՀԹՇ-ն համարվում էր Ասադի դեմ պայքարող ամենաարդյունավետ խմբավորումը։ Բայց նրանց շարժիչ ուժը ջիհադիստական գաղափարախոսությունն էր, ինչը հակասում էր ապստամբների կոալիցիայի մտադրություններին։

2016-ին ՀԹՇ առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին հանրայնորեն խզեց կապերը Ալ-Քաիդայի հետ, լուծարեց «Ջաբհաթ ան-Նուսրուն» և հիմնեց նոր կազմակերպություն, որը մեկ տարվա ընթացքում միավորվեց գաղափարակից այլ խմբավորումների հետ և ստացավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» անունը։

2020-ին ՀԹՇ-ն փաստացի վերահսկում էր շուրջ 4 մլն բնակիչ ունեցող Իդլիբ նահանգը։ Վերջին տարիներին ապստամբներն այնտեղ իրենց կառավարությունն են ձևավորել։ Այս նոր հարձակման համար ՀԹՇ-ին միացել են նաև այլ խմբավորումներ, (օրինակ՝ «Ահրար աշ-Շամը») այդ թվում այնպիսիները, որոնց հետ ՀԹՇ-ն տարաձայնություններ ուներ։

Երկրորդ խոշոր ուժը Սիրիական ազգային բանակն (ՍԱԲ) է, որը վերջին ժամանակներում հիմնականում կռվում է երկրի հյուսիսում գործող քրդական ջոկատների դեմ։ ՍԱԲ-ը վայելում է Թուրքիայի աջակցությունը։ Դրա կազմում են նաև Սիրիական ազատ բանակի հակակառավարական ուժերը։ Anadolu գործակալությունը գրում է, որ հենց ՍԱԲ-ն է ի վերջո գրավել Հալեպի ռազմական օդանավակայանը։ 

Այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ էլ որ խմբավորումներն են մտնում հակաասադական կոալիցիայիա մեջ։ Ապստամբները հստակ ցանկ չեն հրապարակել, ավելի շատ ներկայանում են որպես մեկ միասնական ճակատ։