Home / Օրենքի մարդիկ / Իրանը անտեր չի մնա

Իրանը անտեր չի մնա

Մայսի 19-ին իրանական Արևելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռի վթարից զոհվել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Նրանք վերադառնում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ Նախագահական ուղղաթիռը հայտնաբերվել է 10-ժամյա որոնողական աշխատանքներից հետո՝ ամբողջությամբ մոխրացած։ Ուղևորները, ենթադրաբար, զոհվել են վթարից անմիջապես հետո։ Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։

Իրանի Սահմանադրության 131-րդ կետի համաձայն, նախագահի մահվան դեպքում նրա լիազորություններն անցնում են առաջին տեղակալին՝ 68-ամյա Մոհամմադ Մոհբերին։ 

Մոհբերը, ինչպես Ռայիսին, համարվում է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մտերիմը: Նա առաջին փոխնախագահ է 2021 թվականին, երբ նախագահ ընտրվեց Ռայիսին։ 

c427bd60-fdca-465c-bf9d-a3a6bcecff0f

Նախկինում Մոհբերը ղեկավարել է Setad ներդրումային հիմնադրամը, որը կապված է գերագույն առաջնորդի հետ:

2010 թվականին Եվրամիությունը Մոհբերին ներառել է անձանց և կազմակերպությունների ցանկում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանել «միջուկային կամ բալիստիկ հրթիռային գործունեությանը» ենթադրյալ ներգրավվածության համար: Երկու տարի անց նրա անունը հանվել է ցուցակից։

2013 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Setad-ի և Մոհբերի հետ փոխկապակցված 37 ընկերությունների նկատմամբ։

Setad-ը (ամբողջական անվանումը՝ Setad Ejraiye Farmane Hazrate Emam) կամ Իմամի հրամանի կատարման շտաբը ստեղծվել է Իսլամական Հանրապետության հիմնադիր (Խամենեիի նախորդ) այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի հրամանով: Ենթադրվում էր, որ այն վաճառելու է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո ենթադրաբար լքված ունեցվածքը և ստացված գումարի հիմնական մասն ուղղելու է բարեգործությանը:

Մոհբերը, ըստ Reuters-ի աղբյուրի, իրանցի պաշտոնյաների թիմի մի մասն էր, ովքեր հոկտեմբերին գնացել էին Մոսկվա և համաձայնեցրել «երկիր-երկիր» հրթիռների և ավելի շատ անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանի բանակին: 

Առաջիկա 50 օրերի ընթացքում խորհուրդը՝ բաղկացած ժամանակավոր նախագահ Մոհամմադ Մոհբերից, խորհրդարանի խոսնակից և դատական համակարգի ղեկավարից, Իրանում նոր նախագահական ընտրություններ կկազմակերպի:

Թեկնածուների անունները դեռ հայտնի չեն։

ոչ միայն նախագահի, այլև գալիք այաթոլլայի մահ

«Ռայիսիի մահը միայն ներկա նախագահի մահ չէ, այլ նաև  հաջորդ Հոգևոր Առաջնորդի ամենահավանական թեկնածուի մահ․ նրա թեկնածությունը քննարկվում էր որպես Հոգևոր Առաջնորդին փոխարինելու ամենապակաս ռիսկային ճանապարհը՝ հաշվի առնելով և՛ Ռայիսիի քաղաքական կենսագրությունը, և՛ Իրանի Իսլամական հանրապետության պատմության ինստիտուցիոնալ ավանդույթը․ Ալի Խամենեին նույնպես նախագահ էր, երբ այաթոլլա Խոմեյնին մահացավ ու փոխարինեց Հեղափոխության առաջնորդին։

Արտգործանախարարի կերպարը նույնպես բարդ է լինելու փոխարինել՝ հատկապես ներկա բարդ աշխարհա-քաղաքական իրադրության մեջ։

Միաժամանակ, դժբախտ պատահարի վթար կամ արտաքին միջամտության արդյունք լինելու հարցը նույնպես երկրի՝ մի շարք ներքին ու արտաքին խոցելիությունների մասին քննարկումներ են ծնել (ու բնականաբար, այս իրավիճակում, համեմված նաև բազում դավադրապաշտական վարկածներով) սանկցիաների պատճառով ոչ որակյալ փոխադրամիջոցներ, ոչ որակյալ մենեջմենթ, նաև հարցեր՝ այսօրվա հանդիպման առիթի ու քննարկված թեմաների վերաբերյալ», – գրել է իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը։

մեծ փոփոխություններ չեն լինի

Իրանագետ Ալեն Շադուցնը կարծում է, որ մոտակա ամիսներին և տարիներին Իրանը կշարունակի այն քաղաքական կուրսը, որի ջատագովն էր․ Մեծ ակտիվացում Ադրբեջանի կողմից, որ առիթից օգտվեն և ինչ-որ գործողություններ սկսեն, այս իրադարձության հետ չէի կապի»։

վթարի մանրամասները

Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ողբերգական վթարից զոհվել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

Նախագահին տեղափոխող ուղղաթիռն Արևելյան Ադրբեջան նահանգում կորել էր մայիսի 19-ի երեկոյան։ Երկրի առաջնորդը վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանից, որտեղ հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Արաքս գետի վրա կառուցված նոր ՀԷԿ-ի բացման արարողության առիթով։ 

Որոնողական աշխատանքները տևել են ավելի քան 10 ժամ։ Պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն էին։ Անձրևի, մառախուղի և ճանապարհների բացակայության պատճառով փրկարարների ջոկատները չէին կարողանում հասնել դեպքի վայր։ Վաղ առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է կործանված ինքնաթիռի հայտնաբերման մասին։ Այն ամբողջությամբ այրված էր։ Բոլոր ուղևորները՝  Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիկ Ռահմեթին, նահանգի այաթոլլա Թեբրիզ Ալի Հաշիմը և սպասարկող անձնակազմի 4 ներկայացուցիչներ, մահացել են անմիջապես վթարից հետո։

Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։ Մեկօրյա սուգ է հայտարարվել նաև Պակիստանում։ Առավոտյան, ի թիվս այլ երկրների, ցավակցական հեռագիրներ է ուղարկել նաև Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարությունը։

Ռայիսին երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։ Շատերը կարծում էին, որ 63-ամյա նախագահը երկրի գերագույն առաջնորդի` այաթոլլա Ալի Համենեի իրավահաջորդը կլինի։ Ռայիսին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերություններում կոշտ քաղաքական գծի կողմնակից էր։