Home / Կանանց իրավունքներ / Իրականության ձև(ակերպ)ում՝ հօգուտ կնատյացության

Իրականության ձև(ակերպ)ում՝ հօգուտ կնատյացության

– Տեսե՛ք օդը։
– Օդն անտեսանելի է։
– Ո՞նց անտեսանելի է։ Բա եթե անտեսանելի է, հիմա օդ կա՞, թե չկա՞։
– Օդ կա։
– Բա որտե՞ղ է։
– Օդն ամենուրեք է։

Ստիպված ենք խոսել «օդի» մասին, նրա մասին, որի մեջ ապրում ենք, որը շնչում ենք, որը կա հազարավոր տարիներ, բայց որը շատերը չեն ուզում տեսնել։ Պիտի խոսենք այն «անտեսանելի» լեզվական կոդերի մասին, որոնք բառերի, շարադրանքի, մտահանգման տիրապետող բանաձևերի, «ենթակա-ստորոգյալ» «ներգործական-կրավորական» «իգական-արական քերականական սեռի» և այլ քերականական կառույցների, «գերադասական-ստորադասական» շարահյուսական կառույցների ու ըստ էության՝ տեքստի տեսքով հանդիսանում են այն պարարտ հողը (կամ օդը), որտեղ արմատներ են ձգում կնոջը՝ որպես ենթակայի ու գործող անձի ջնջելու, նրան միշտ մեղավոր հանելու և որպես զոհի մեղադրելու, նրա նկատմամբ բռնությունը արդարացնելու/նորմալիզացնելու, նրա նկատմամբ բռնության առանձնահատկությունները չնկատելու, մի խոսքով՝ կնատյացության համար։ Կնատյացությունն աբստրակտ հասկացություն չէ, ոչ էլ՝ զուտ զգացմունք, սա դարերից դարեր փոխանցվող կոնկրետ վարքագիծ է, ստորադասող ու բռնարար վերաբերմունք ու արարք, մի յուրահատուկ «օդ», որն իրականում մարդակերտ է, այդ կերտման ու ձևման գործընթացն ունի մասնակիցներ, ցանկություն դեպքում՝ ակնհայտ է թե՛ «օդը» և թե՛ այն կերտողները։

Երկու օր առաջ տեղի ունեցած մի դեպքի շուրջ լուր, այն է՝ տեքստ, այն է՝ լեզու արտադրողների, այսինքն՝ լրատվամիջոցների արձագանքի օրինակով բերեք փորձ կատարենք ու տեսնենք հասարակությունում խորը արմատացած կնատյացությունը: Բավարար է անդրադառնալ մի քանի հրապարակումների և պարզ է դառնում լրագրողի/ խմբագրի/սնող աղբյուրի մոտեցումը բռնության, հետևաբար՝ իշխանության և իշխողի դիրքի հանդեպ: Այո, կասեք, որ լրագրողին որևէ մեկը պետք է չասի՝ ինչ գրել, նա է ընտրում գրելաոճը, հիմնական շեշտադրումները, մտահանգման բանաձևերը, նախադասության գերադասական ու ստորադասական մասերը: Ասել է թե՝ նա է ընտրում իր լեզվի իշխանական դրսևորումներն՝ ըստ իր համոզմունքների և անցած ճանապարհի: Ու հենց այդ ընտրածի վերլուծությամբ էլ հնարավոր է դառնալ հասկանալ, թե ինչու և ինչպես է կնոջ նկատմամբ բռնությունը համատարած ու համակարգային:

Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածն անմիջապես լուսաբանվեց ու տարածվեց «ծեծկռտուք», երբեմն՝ «քաշքշուկ» բառերով՝ «Armtimes.com  Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում. ՀՀԿ-ական ավագանին ծեծեց կանանց»

«Ազատություն ռադիոկայան, Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Երկիր Ծիրանի» և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև»

«Երկիր։ Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցավ ծեծկռտուք»։

Այսինքն՝ կանանց նկատմամբ ակնբախ հարձակումը, ֆիզիկական բռնությունը ծեծի ու սեռական ոտնձգության տեսքով, բռնությամբ վռնդելը, սեռական հայհոյանքները, այսինքն՝ սեռական բռնության սպառնալիքները, գենդերային ստորացումները՝ թե «կնոջը հարիր չէ», «սրանց դեմն առեք» ապամարդկայնացումը և բռնարարքների այս շարքը որակվեց փոխադարձություն նշանակող մի բառով, որի իմաստը ոչ այլ ինչ է, քան ուժային դիրք ու գործիք։ Ով առաջինն այդպես գրեց հայտնի չէ, բայց հասկանալի էր, որ իբր թե «չեզոք» դիրքից խոսելու հավակնություն ունեցող լրագրողը գրավեց ուժ կիրառողի կողմը՝ մեղքի բաժինը փորձելով դնել բռնության ենթարկվողի ուսերին: Այդպես ավելի ապահով է, անշառ է, մարդ բան չի ասի, դե հիմա ծեծկռտուք ա էլի, անհասկանալի ինչ-որ բան, երկու կողմն էլ նույնն են անում, բայց հաստատ բռնություն չի:

Նայենք գրելու ոճին: Հետք-ն այսպես է նկարագրում՝ «Երևի չհասկանալով, թե ինչ է կատարվում, ՀՀԿ-ականներից ոմանք տագնապած էին՝ կասկածելով, թե «երկիրծիրանիականները» ծծմբական թթու՝ կիսլոտա են բերել` քաղաքապետին վնասելու համար։ «Կիսլոտա է, չի կարելի»,- ահաբեկված արտահայտություններն էլ ավելի սրեցին իրավիճակը։ Տեղի ունեցավ ծեծկռտուք։ ՀՀԿ-ականները ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանին և Սոնա Աղեկյանին հարվածելով դուրս հանեցին նիստերի դահլիճից»

Նույն ոճով՝ «Ավագանու հանրապետական անդամները սկսեցին քաշքշել «Երկիր ծիրանի»-ի կանանց՝ նրանց դահլիճից դուրս հրավիրելով»։

Փաստորեն, ըստ տեքստ արտադրողների՝ այստեղ տագնապածը ու ահաբեկվածը ՀՀԿ-ականներն են, որոնք կարիք ունեին պաշտպանվելու «ահաբեկիչ» կանանցից, դե իսկ «նրանց հարվածելով դուրս հանեցին նիստերի դահլիճից» սովորական նախադասություն է արդեն, էլ չասած՝ «քաշքշելով դուրս «հրավիրելը», փաստորեն հրավերքները՝ ըստ գրողների այդպես բռնությամբ են արվում։ Ուրեմն, ուժային ո՞ր դիրքում են նրանք, ովքեր գրում են՝ «դուրս հանեցին», կամ ավելի վատ՝ «հրավիրեցին», այսինքն՝ «վնասազերծեցին» տարածքը: Հասանք ոստիկանական ու դատախազական լեզվապաշարին, իսկ Նուբարաշեն թաղամասի բնակիչների ու կալանավայրի ու կալանավորների խնդիրները մնացին հեռվում, կանանց նկատմամբ կիրառված բռնությունը՝ նույնպես:

Ուսումնասիրենք հետևյալ վերնագրերը․

NEWS.am-ի 9 վերնագրերից միայն մեկն է չեզոք, մնացածը անուղղակի մեղադրում է կանանց, ու մեծ նշանակություն ունի, թե ինչպես է լրատվամիջոցն օգտագործում նաև ուրիշի խոսքն իր ասելիքը, այն է՝ զոհին մեղադրելը, տեղ հասցնելու համար:

Խո՞սք թե՞ խոսափող, սա էլ շատ կարևոր խնդիր է՝ այս հարցը վերլուծելիս։ «Կողմնորոշվեք՝ սանձարձակի՞ են սանձել, թե՞ ավանդապահ հայ կնոջ.Ի՞նչ են գրում ավագանու ծեծկռտուքի մասին ֆեյսբուքյան օգտատերերը» կին լրագրողի տեքստից է, որը սակայն անդրադարձ է անում միայն տղամարդկանց կարծիքներին: Միակ դեպքը, երբ մեջբերվում է կնոջ խոսք, կրկին մեղադրական է՝ որպես արձագանք Մարինա Խաչատրյանի հայտարարությանը։

Տեքստային վերլուծությունը կարելի է շատ երկար շարունակել՝ անդրադառնալով հատկապես նրան, թե ով է կարծիք հայտնում և ինչու է հենց այդ մարդն ընտրվում և վերջիվերջո կարծիք ստեղծողների (opinion-maker) դիրքն այս հարաբերություններում կրկին որտե՞ղ է՝ իշխանություն բանեցնողների՞, բռնության նկատմամբ չեզոքների՞, այսինքն՝ պասիվ մեղսակիցների՞, թե բռնությունը դատապարտողների ու տուժածների։

Ահա թե ինչպես է ստեղծվում այս շարադրանքի սկզբում հիշատակված կնատյացության պարարտ հողը։ Բայց չեզոք բայն այս դեպքում տեղին չէ, ահա թե ինչպես են լրագրողները պարարտ հող ստեղծում կնատյաց հաջորդ բռնարարքի համար: Այն անխուսափելիորեն կախված ա մեր գլխներին։ Ու «բարի կամեցող» հարևանները, «բանիմաց» մշակութաբանները ու «պրոֆեսիոնալ» լրագրողները բարեհաջող շտկելու են ամեն ինչ, որ դաշտը բաց լինի հաջորդ բռնարարի ու բռնաբարի առջև։

Մենք էլ ձև ենք թափելու, թե օդն անտեսանելի է։

14․02․2018