Երեք տարի առաջ հանդիպել էի Աննա Հոլմսի հետ: Jezebel.com նախագծի հիմնադիրն է։ Կայք, որը շատ առումներով կարող է համարվել այն ռեսուրսի գաղափարական ծնողը, որի համար ես այժմ գրում եմ։ Իմ գաղափարն էր խոսել այն մասին, թե ինչպես է ֆեմինիստական օրակարգը փոխվում ԱՄՆ֊ում, թեև բազմաթիվ վերապահումներով, ձեռք բերված գենդերային կոնսենսուսային հավասարության հաղթանակի պայմաններում։ Այսինքն, «պոստֆեմինիզմի» իրավիճակում, որի մասին այդքան շատ են սիրում խոսել իմ առաջադեմ ծանոթներն այստեղ՝ Ռուսաստանում:
Այդ հարցը քննարկելու առաջարկին ստացա վրդովված մերժում․ «Պոստֆեմինիզմի մասին ի՞նչ խոսենք, երբ ակնհայտ է, որ մեզնից միշտ փորձելու են խլել մեր հաղթանակները, ջնջել դրանք։ Աբորտները, օրինակ, օրինականցվել են 1973 թվին, բայց մինչ օրս կան մարդիկ, որոնք փորձում են արգելել դրանք։ Կանանց միջին աշխատավարձերն ԱՄՆ֊ում մինչ օրս ավելի ցածր են, քան՝ տղամարդկանցը։ Իսկ գաղափարը, որ կինն օբյեկտ է, իսկ տղամարդը սուբյեկտ, նույնպես հօդս չի ցնդել, թեև, հնարավոր է, ավելի հազվադեպ է բարձրաձայնվում։ Ու չնայած նրան, որ, իսկապես, կարծիք կա, թե հիմա ավելի «մեղմ ժամանակներ են»՝ գլամուրի մշակույթի դեմ պայքարի ու կնոջ՝ իր բնական մարմինն ընդունելու մասին խոսակցության համար, կան բազային երևույթներ, որոնք միշտ անկյունաքարային դեր են ունենալու՝ հավասար իրավունքներ բոլոր մակարդակներում։ Եվ դրա համար պե՛տք է պայքարել միշտ»։
Չեմ թաքցնի՝ Հոլմսի՝ Վիլյամսբուրգի մոդայիկ սրճարաններից մեկում հնչեցրած ճառն ինձ այն ժամանակ չափազանց ծանր թվաց՝ ինքնահեգնանքից բոլորովին զուրկ։ Եվ ահա մի քանի տարի անց Աննա Հոլմսի իրավացիությունը, առաջին հերթին՝ ինտոնացիոն, հաստատվեց, կամ, ավելի ճիշտ, ակնհայտ դարձավ, ու իմ կեսհեգնական կասկածները փշուր֊փշուր եղան։
Զգացումներում, որոնք ապրում եմ ամերիկյան քաղաքներում «Կանանց երթի» հեռարձակումները դիտելիս, հեգնանքի նույնիսկ նշույլ չկա։ Կա անկեղծ հիացմունքի ու մասամբ նաև նախանձի զգացում այն բանի հանդեպ, թե ինչպես է համերաշխությունն ու սեփական անձի ու իրավունքների նկատմամբ լուրջ վերաբերմունքը ֆեմինիստական, կանանց օրակարգին թույլ տվել դառնալ ոչ միայն նկատելի ու կարևոր, այլև՝ համախմբող։
Այդ երթի ընթացքում կանանց բողոքը ստանձնել է, այսպես ասած, հովանոցային բրենդի դեր։ Թրամփին դեմ ընդհանրապես բոլորի բողոքը «ներկայացվել է» որպես կանանց բողոք, որոնց իրավունքներին նոր վարչակազմը կարող է սպառնալ քաղաքականապես, ու արդեն իսկ սպառնացել է ոճականորեն։ Մարդը, որը նույնիսկ անձնական խոսակցության մեջ կարող է իրեն թույլ տալ «grab them by the pussy» արտահայտությունը, ոչ միայն այդ կանանց «նախագահը չէ», այլև «նախագահը չէ» բոլոր նրանց, որոնք իրենց իրավունքները համարում են ոտնահարված (ռասայով, սեռական կողմնորոշմամբ, օտար ակցենտով պայմանավորված) ու որոնք այն հասարակությունը, որում այդ իրավունքները ոտնահարվում են, համարում են անարդար։ Կոպիտ ասած՝ կանանց իրավազրկությունն այստեղ ծառայեց որպես ընդհանրապես իրավազրկության փոխաբերություն։ Ու որպեսզի նման բան տեղի ունենա, կինը՝ որպես սուբյեկտ, պետք է իր ու հասարակության մեծամասնության կողմից բավական լուրջ ընկալվի։
Կանանց հակաթրամփական երթը լրջության ապոթեոզն է ու միևնույն ժամանակ այսօր դրա կենսական անհրաժեշտության ապացույցը։ Ոչ թե կատարման լրջության, այլ՝ մոտեցման։ Մեր իրավունքների ոտնահարումները ու նույնիսկ այդ ոտնահարումների ակնարկը կենսական նշանակություն ունեն, ու պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի՝ առանց հանգստացնող կատակների, առանց խուսափումների, առանց ինքնախաբեության։ Եվ միայն նման մոտեցումը կարող է երկրի փողոցներ դուրս բերել երկուսուկես միլիոն մարդու․ թիվ, որի հետ չի կարելի հաշվի չնստել (ավելի ճիշտ՝ որի հետ կարող է հաշվի չնստել միայն հիմարն ու դիկտատորը)։
Իսկ եթե խոսենք Jezebel կայքի ոճի մեջ, որը, ըստ դրա հիմնադրի, «սոցիալական կյանքի ու նորաձևության թեմաներն օգտագործում է որպես ավելի կարևոր երևույթների քննարկման ելակետեր», ապա պետք է արտահայտվել հետևյալ կերպ․ լրջությունը նոր սևն է։ Այսօրվա աշխարհում, որը քաղաքական առումով ենթարկվում է տհաճ, իսկ հաղորդակցական առումով՝ անհասկանալի փոփոխությունների, հստակ ու գործուն կարող են լինել միայն ուղղակի հայտարարությունները։
«Կանանց երթը» նման հայտարարություն է։ Այդքան հին։ Այդքան ժամանակակից։
Աննա Նարինսկայա