հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Հայաստանում ծնողների գրեթե կեսը ծեծում է երեխաներին. խնդրին լուծում չի տրվում

Հայաստանում ծնողների գրեթե կեսը ծեծում է երեխաներին. խնդրին լուծում չի տրվում

Հայաստանում երեխաներին դաստիարակելիս ծնողների 40 տոկոսը կիրառում է բռնության մեթոդը։ Այս մասին վկայում է «Երեխաների պաշտպանության ցանց» կազմակերպության կողմից այս տարի ավելի քան 10 հազար ծնողների շրջանում անցկացված հետազոտությունը։

Այսօր «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում կազմակերպության խորհրդի անդամ Աիդա Մուրադյանը նշել է, որ 2010 թվականին անցկացված հետազոտությունը նույն ցուցանիշն է արձանագրել։

«Այս տարիների ընթացքում այս ցուցանիչը ցավոք չի փոխվել դրականորեն։ Սակայն հասկանալի է, որ եթե ջանքեր չեն իրականացվում խնդիրը փոխելու ուղղությամբ, ապա խնդիրը մնում է նույնը», -ասել է Մուրադյանը։

Քննարկման մեկ այլ մասնակից՝ «Երեխաների պաշտպանության ցանց»-ի ղեկավար Միրա Անտոնյանը խնդիրը կապել է Հայաստանում ձևավորված այն ավանդույթի հետ, որ երեխաների նկատմամբ կամ առհասարակ ընտանեկան բռնության դեպքերը պետք է տան պատերի ներսում մնան։ Նա նշել է, որ այսօր Հայաստանում չկան ճշգրիտ տվյալներ, թե քանի երեխա է ընտանիքում բռնության ենթարկվում։

Բանախոսներն անդրադարձել են վերջերս դատարանի կողմից ընդունված մի որոշման, երբ հայրը տուգանվել է 30 հազար դրամով իր երեխային դաժանորեն ծեծելու համար։

«Դատարանը քննեց դեպքը, աշխատեց դեպքերի հետ, փաստերի հիման վրա որոշում ընդունեց։ Բայց սրանք մի ամբողջ պատճառների համախումբ են, դատարանը պետք է ուղարկեր հորը պարտադիր վերականգնողական ծառայություններ ստանալու։ Որոնք չկան մեզ մոտ», – ասել է քննարկման մասնակից, նույն կազմակերպության խորհրդի անդամ Նունե Գեղամյանը։

Մուրադյանի խոսքով՝ դատական այս վճռից հետո տուժած երեխան ավելի մեծ վտանգի տակ է հայտնվել․ «Փաստորեն, ծնողներից մեկը ծեծել է երեխային, և Հայաստանի Հանրապետության համար գանձվել է 30 հազար դրամ։ Պետք է այնպիսի վճիռ ընդունվեր, որ արարքը չկրկնվեր։ Իսկ երեխան հիմա ավելի մեծ ռիսկի տակ է հայտնվել»։

Քննարկման մասնակից, «Երեխաների պաշտպանության ցանց»-ի խորհրդի անդամ Արշակ Գասպարյանը, այդ գործի մասին խոսելով, անդրադարձել է առհասարակ դատական համակարգի թերի կողմերին։

«Դատարանը պատիժը մեղմացնող հանգամանք էր որակել 14 տարեկան երեխային իր խնամքին ունենալը։ Պատժի համաչափությունը պետք է վերաբերվի անձին, անձը բնութագրող հանգամանք չի կարող լինել երեխայի առկայությունը։ Պետք է հաշվի առնել նրա վերաբերմունքը այդ երեխայի հանդեպ։ Երեխա ունենալը որևէ կերպ անձին չի բնութագրում։ Դատական մարմինների վերաբերմունքը պետք է իսպառ փոխվի», -ասել է Գասպարյանը։