Նոյեմբերի 25-ին Երևանի Վերին Շենգավիթ թաղամասի բնակարաններից մեկի ննջարանի մահճակալին հայտնաբերվել է 37-ամյա Ալինա Մաղաքյանի դին։ Կնոջ աջ ազդրին սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետք է եղել։ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով, Մաղաքյանին հարվածը հասցրել է նրա հետ նույն բնակարանում ժամանակավորապես բնակվող տղամարդը։ Կինը մահացել է ստացած վնասվածքի հետևանքով։
Shamshyan.com֊ը գրում է, որ Մաղաքյանին դանակով հարվածած տղամարդը Արտաշատի 34-ամյա բնակիչ Արամ Մնացականյանն է։
Կայքի տեղեկություններով՝ հարցաքննության ժամանակ Մնացականյանը հայտնել է, որ Մաղաքյանին դանակով հարվածել է խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ․ «․․․Քանի որ մահացածը, ում հետ ինքը 3 տարուց ավելի մտերմական կապի մեջ էր, իրեն դավադիտ է արել՝ հայտնելով, որ բացի իրենից, ինքը ոչ մեկինը չի լինելու։ Մինչ տունը լինելը, նրանք ինչ-որ ժամանցի վայրում գինովցել են, որից հետո եկել են տուն, որտեղ բնակվում են վարձակալական հիմունքներով»։
Ըստ Shamshyan.com-ի՝ Մնացականյանը պատմել է, որ դանակով հարվածել է կնոջ ոտքին, ապա տեսնելով, որ արյուն է գալիս, ինչ-որ կապոց է դրել և հեռացել տանից։
Հարուցվել է քրեական գործ Քր․օր֊ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով): Մնացականյանը կալանավորված է։