«Բարձր մակարդակի ստրկության մասին», – այսպես է արձագանքել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը՝ Ռուսաստանի փորձին՝ արգելել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Նայեմի մուտքը Հայաստան։ Ֆեյսբուքյան իր էջում Բարսեղյանը դիմել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին․
«Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորին Ռուսաստանի պահանջով թույլ չեն տվել Զվարթնոցից մտնել Հայաստան: Նորից կարդացեք: Հա, Ձեզ հետ եմ պարոն Վանեցյան: Դուք էդ ընթացքում ֆեյսբուքում գրառումներ անողներից հերքումներ եք պահանջում: Մտածեցի, որ կարող է մի օր մի տեղից Հայաստան վերադառնամ, ու Զվարթնոցում երրորդ երկրի պահանջով սահմանապահները մուտքս երկիր արգելեն: Էս պոռնոգրաֆիայի համար ով է պատասխան տալու …»։
Իր հերթին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գրել է․ «Այս ծայրաստիճան խայտառակ դեպքի, պետական ամոթի համար ով պետք է պատասխանատվություն կրի: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ցինիկ ոտնահարման փաստ է, ՀՀ-ն որպես ազատ պետության դեմ լկտի ոտնձգություն է: ՀՀ-ի տարածքը չի կարող մուտք գործել Ուկրաինայի քաղաքացին, Ռուսաստանի պահանջո՞վ….
Սա ի՞նչ բան է…
ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԳՆ-ն, ՀՀ ԱԱԾ-ն, ունե՞ն որևէ բացատրություն»։
Մայիսի 1-ի երևանյան իրադարձությունները Նայեմը նկարագրել է «3-րդ երկրի պահանջով» ֆեյսբուքյան հրապարակման մեջ։
«Մինչ մենք Կիևում չենք կարողանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համապատասխանեցնել մեր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, Մոսկվան արդյունավետ կերպով ԱՊՀ երկրների վիզն է փաթաթում իր արգելքները և ծիծաղելի դժգոհությունները։
Երեկ երեկոյան Երևան էի ժամանել Արևելյան Եվրոպայի կենտրոնի հրավերով` մեծ համաժողովում խոսելու հակակոռուպցիոն մարմինների մասին։
Անձնագրերի վերահսկման կետում ներկայացրի սովորական անձնագիրս, քանի որ պաշտոնական ուղևորություն չէր, դրա համար էլ դիվանագիտական անձնագիրս չչարաշահեցի։ Երկար ստուգումներից հետո սպաները հայտնեցին, որ տվյալների բազայում կա «մուտքի արգելում» նշումը: Խնդրանքին, որ պատճառը բացատրեն, ասացին՝ անհայտ է, և չեն կարող ասել։
«Ուղղակի անցանկալի անձ»։
Սկսեցին հետաքրքրվել, թե գուցե արդեն նման «անախորժությունների» փորձ ունեցել եմ այլ երկրներում: Ո՛չ, ասում եմ, չեն եղել: Ճանապարհորդական անձնագրումս կան ամերիկյան, բրիտնական, կանադական և նորվեգական վիզաներ, սահմանների հատման մասին վկայող միլիոնավոր կնիքներ, և ոչ մի տեղ, ոչ մի խնդիր չի եղել։
Որոշ ժամանակ անց եկան Միգրացիայի ծառայության ևս երկու աշխատակիցներ և հարգալից բացատրեցին, որ արգելքը Հայաստանի կողմից չէ, այլ «3-րդ երկրի պահանջն է»։
Այդպիսի բան փաստորեն արդեն եղել էր մեր այլ քաղաքացիների հետ։ Արգելքները Ռուսաստանի Դաշնության պահանջով են, ըստ որի, Հայաստանի սահմանային ծառայության ցուցակները համապատասխանեցնել ՌԴ-ի պատժամիջոցների ցանկին։
Բոլոր հանգամանքները պարզաբանելուց և, ըստ երևույթին, դեսպանի և մեր ծառայությունների միջամտություններից հետո, ինձ, այնուամենայնիվ, թողեցին՝ «մեկ անգամ» նշումով։
․․․․
Մի տեսակ ցավ ապրեցի Հայաստանի համար։ Մի տարի առաջ, երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, շատերը ենթադրում էին, որ նոր իշխանությունները կհասնի նրան, որ կթուլացնի Երևանի կախվածությունը Մոսկվայից։
Բայց մինչև հիմա Հայաստանը շարունակում է մեծ կախվածություն ունենալ Ռուսաստանից։ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում տեղակայված են ռուսական 5000-անոց զորքեր։ Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտների մեծ մասի վրա՝ էներգետիկայից սկսած մինչև հեռահաղորդակցության։ Ռուսաստանը նաև Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է․ ընդհանուր առևտրի 25%-ը Ռուսաստանի հետ է: Հենց Ռուսատանում են աշխատում զգալի թվով աշխատանքային միգրանտներ, որոնց փոխանցումները կազմում են Հայաստանի համախառն ներքին արդյունքի 10% -ը։ Բացի դրանից՝ Երևանը Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է:
Հայաստանը հետևողականորեն և համակարգված կերպով ռուսամետ դիրքեր է զբաղեցնում մեր երկրների միջև բոլոր կոնֆլիկտային հարցերում: 2014 թվականին Երևանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում աջակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները և, փաստորեն, ճանաչել է Ղրիմի հանրաքվեն:
Իսկ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանն այն քիչ երկրներից էր, որ դեմ քվեարկեց Ղրիմի ռազմականացման մասին բանաձևին:
Ի դեպ, երեկ Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միության կառավարությունների ղեկավարների հանդիպումը` Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Սա հեղափոխությունից հետո Մեդվեդևի առաջին այցն է Հայաստան: Այս առիթով Նիկոլ Փաշինյանը Դմիտրի Մեդվեդևին ընդունել է ոչ պաշտոնական պայմաններում՝ իր առանձնատանը։
Ինձ սա կրկնակի է վախեցնում, քանի որ ինձ անկեղծորեն դուր է գալիս շատ բաներ, որ անում է Փաշինյանը իր երկրի համար։