Սեպտեմբերի 24-ին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը)։
«Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПСМ» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ. Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ», – ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Ավելի վաղ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ նախկին ոստիկանապետի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:
«Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն», – ֆեյսբուքի իր էջում գրել էր Նաիրա Հարությունյանը:
Նշենք, որ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով:
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայկ Հարությունյանը եղել է (1999 — 2003 թթ.) ՀՀ Ներքին գործերի նախարար, (2003 – 2008թթ.)` ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետ: 2008-ի հունիսից երկու տարով պաշտոնավարել է որպես Պետական պահպանության ծառայության պետ։ Հարությունյանն ուներ գեներալ-գնդապետի կոչում։
Հիշեցնենք նաև, որ նախորդ շաբաթ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ 2007-2015 թվականների ընթացքում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերել։ Հայկ Հարությունյանը նշված ժամանակահատվածում (2010-2014 թթ․) քրեակատարողական վարչության պետն է եղել։