Home / Բանակ / Զինվորի մահվան գործով ձերբակալվել է Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդին

Զինվորի մահվան գործով ձերբակալվել է Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդին

Ղարաբաղում՝ բանակային ուսումնական կենտրոնում հունվարի 30-ին մահացած (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած) ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել են նրա համածառայակիցները․ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) որդին՝ Դավիթ Մովսիսյանը, Խաչիկ Գասպարյանը և Սպարտակ Ավետիսյանը: 

Նրանք կասկածվում են Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, հայտնում է Քնչական կոմիտեն:

Մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում պաշտոնական` ինքնասպանության վարկածին: 

Այսօր առավոտյան նրանք փորձում էին զինծառայողի դին բերել Երևան՝ ի նշան բողոքի։ Ոստիկանները փակել էին ճանապարհը (Արգավանդի խաչմերուկը)։ Դեպքի վայր էին ժամանել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրանք համոզում էին հարազատներին վերադառնալ Հայթաղ գյուղ և հուղարկավորել զինվորի դին։ 

ՊՆ նախարարը հաստատեց՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան, որևէ ապացույց ինքը չունի, որ ինքնասպանություն է եղել․ 

«Հիմա ցանկացած իմ ասած բան դառնալու է շահարկում։ Ես դեռևս ոչ մի ապացույց չունեմ, որ եղել է ինքնասպանություն, և ես այդ մասին ծնողներին ասել եմ: Հանգամանքները պարզվելու են, 3 ձերբակալված կա: Ձերբակալվածներից մեկը այն անձնավորության երեխան է, որի մասին շատ է խոսվում` Առաքել Մովսիսյանի։ Երեքն էլ համածառայակից են, որոնց միջև եղել է  ինչ-որ հարաբերությունների սրում, որը բերել է սրան: Թե ինչ է եղել արդյունքում՝ քրեական գործի շրջանակներում կպարզվի», – News.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարը։

Զոհված զինծառայողների հարազատները  Տոնոյանի հետ համաձայնության եկան․ նրանք որոշեցին վերադառնալ Հայթաղ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ինքնասպանության հասցնելը։