Ավարտվել է «տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ «տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019 թվականի գարնանը երիտասարդն իր անհատական էջով «facebook» սոցիալական ցանցում նամակագրություն է վարել անչափահաս, 2006 թվականի հուլիսի 5-ին ծնված աղջկա հետ, որի ընթացքում տեղեկանալով, որ շփվում է 12-ամյա անչափահասի հետ, շարունակել է նրա հետ վարել սեռական կյանքին վերաբերող նամակագրություն և ուղարկել տղամարդու ու կնոջ մերկ լուսանկարներ:
Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ այլ անչափահասի նկատմամբ կատարված «անառակաբարո գործողությունների» փորձի վերաբերյալ ևս, տեղեկացնում է Քննչական մարմինը։
Այսպես՝ 26-ամյա երիտասարդը, 2019 թվականի հունիսին նույն սոցիալական ցանցում գտնելով հերթական զոհին և կարծելով, որ նամակագրություն է վարում 9-ամյա՝ 2009 թվականի սեպտեմբերին ծնված երեխայի հետ վերջինիս անհատական էջին ուղարկել է մերկ լուսանկար: Սակայն, հետագայում շարունակելով նամակագրությունը` տեղեկացել է, որ երեխայի անհատական էջից իր հետ նամակագրություն է վարում նրա ծնողը, ինչպիսի պայմաններում, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել, հայտնում է ՔԿ-ն:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։