Covid-19 համաշխարհային համաճարակի և Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ֆոնին Ղարաբաղը պատրաստվում է նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնք, ըստ նախատեսվածի, կկայանան մարտի 31-ին։
Վերջին շաբաթների ընթացքում աշխարհի ավելի քան 25 երկներում, այդ թվում՝ Հայաստանում և Ռուսաստանում, ընտություններ և հանրաքվեներ են չեղարվել։ Հիմնականում՝ վիրուսի սրընթաց տարածումը բացառելու (մարդաշատ հավաքների և զանգվածային միջոցառումների ժամանակ) և առողջապահական համակարգը գերծանրաբեռնումից պաշտպանելու համար։ Ղարաբաղյան իշխանությունները, սակայն, կարծում են, որ նման վտանգից կարելի է խուսափել զուտ ընտրողներին անհատական գրիչներ, դիմակներ և ձեռնոցներ բաժանելով․ արտակարգ դրություն հայտարարելու և ընտրությունները հետաձգելու մտադրություն նրանք չունեն։ Հայաստանի կառավարությունը չեզոք դիրք է ընդունել՝ «հետաձգել, թե չհետաձգել՝ կորոշի ինքնավար Արցախը»։
Մարտի 26-ին Հայաստանից Ղարաբաղ գնալն, ամեն դեպքում, արգելվել է․ Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ ճանապարհներին պահակակետեր կնշանակվեն, որոնք կարգելեն քաղաքացիների մուտքը ԼՂՀ տարածք՝ բացառությամբ Ղարաբաղում հաշվառվածների, բեռնախոխադրողների, ինչպես նաև՝ լրագրողների և դիտորդների, որոնք գալիք ընտրությունները դիտարկելու և լուսաբանելու հավատարմագիր ունեն։ Նախատեսվում է, որ Հայաստանում գործող տեղաշարժի խիստ սահմանափակումները «շրջանցելով»՝ մարտի 31-ի նախօրեին Ղարաբաղում հաշվառված, բայց Հայաստանում բնակվող հարյուրավոր քաղաքացիներ, անորոշ քանակությամբ լրագրողներ, մոտ 300 դիտորդներ պետք է մեկնեն Ղարաբաղ՝ մասնակցելու ընտրություններին։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի առաքումը ԼՂՀ տարածք բացառելու համար լրագրողներն ու դիտորդները նախապես կթեստավորվեն։
Մի շարք լրագրողական կազմակերպություններ այսօր հայտարարել են, որ ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ, խելամիտ չեն համարում ո՛չ ընտրությունները, ո՛չ էլ դրանց լուսաբանման նպատակով Ղարաբաղ գնալը, իսկ թեստի հնարավորությունը գերադասում են զիջել մարդկանց, որոնք դրա կարիքն ավելի շատ ունեն։ Ընտրությունները դիտարկելու որոշումից հետ կանգնեց նաև «Ականատես» առաքելությունը, որը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ։
– «Ականատես» դիտորդական առաքելությունը որոշել է վերանայել 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկելու իր պլանները՝ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը։
COVID-19-ի տարածման միտումներն աշխարհում, ինտենսիվորեն աճող տեմպերը Հայաստանում, վարակի քողարկված ու անկանխատեսելի դրսևորումները, այդ թվում՝ նաև նախնական ախտորոշումը մի խումբ դիտորդների շրջանում, որոշների մեկուսացումը և այլոց հրաժարումը՝ ստիպում են «Ականատես» առաքելությանը վերակազմակերպել իր աշխատանքները և Հայաստանից դիտորդներ չուղարկել Արցախ՝ հնարավորինս նվազեցնելու ընտրական գործընթացներում մարդկային խոշոր խմբերի շփումներով ու ինտենսիվ հոսքերով պայմանավորված ռիսկերը և կանխելու դրանց հնարավոր հետևանքները Արցախի, հետևաբար՝ նաև Հայաստանի անվտանգային իրավիճակի համար։
«Ականատես» դիտորդական առաքելությունը 2020 թվականի մարտի 31-ի Արցախի համապետական ընտրությունների դիտարկումը կիրականացնի հիմնականում իր արցախյան գործընկերների միջոցով։ Դիտորդները հրահանգավորված են իրենց աշխատանքներում խստորեն պահպանել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացվող անվտանգության պահանջները։
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ներկայիս պայմաններում ընտրությունների իրականացումը ողջամիտ չէ։
Նախընտրական քարոզարշավը ժամկետից շուտ ընդհատվել է, մինչդեռ այն կարող էր փաստացի ազդել ընտրությունների արդյունքների վրա, չնայած այն հանգամանքին, որ առաքելության կողմից նախընտրական քարոզչության դիտարկումն արդեն իսկ բացահայտել էր քաղաքական ուժերի կողմից տնօրինվող ռեսուրսներով պայմանավորված անհավասար ու անարդար մեկնարկային պայմանները։
Ենթադրում ենք, որ ընտրողների մի ստվար զանգված ազատորեն չի կարողանալու մասնակցել քվեարկությանը, քանի որ, թեև ոչ քաղաքական ուժերի կամ վարչական ռեսուրսով պայմանավորված, կաշկանդված է լինելու մարդաշատ վայրում գտնվելու և այլ անձանց հետ շփվելու մտահոգություններով։ Հեռավորություն պահպանելու արդյունքում դիտորդները և ԶԼՄ-ներկայացուցիչները չեն կարողանալու ազատ տեղաշարժվել և պատշաճ իրականացնել իրենց գործառույթները, իսկ առանձին դեպքերում՝ նկատել որոշ ընտրախախտումներ։
Համարում ենք, որ ցանկացած ժողովրդավար իշխանություն պետք է շահագրգիռ լինի իր քաղաքացիների անվտանգությամբ, ինչպես նաև ձևավորվող օրենսդիր ու գործադիր մարմինների լեգիտիմությամբ։ Ծայրահեղ ռիսկային իրավիճակում ամեն գնով ընտրություններ կազմակերպելու մղումը հարցականի տակ է դնում դրա իրական նպատակը և գործընթացների օրինավորությունը։
Նշենք, որ միջազգային դիտորդական առաքելություններ կամ օտարերկրյա լրագրողներին Ղարաբաղում ևս չեն լինելու․ մասամբ՝ համաճարակի և մասամբ՝ Ղարաբաղի միջազգային իրավական կարգավիճակի բերումով։