Մայիսի 19-ին Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 230-ով՝ հասնելով 5 հազար 271-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, բուժվածների թիվն ավելացել է 255-ով և հասել 2 հազար 419-ի, իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 44 հազար 71 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 67-ի, կորոնավիրուսով վարակված ևս 27 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Վրաստանում նախօրեին հայտնաբերվել է վարակվածների 11 դեպք, ընդհանուր թիվը հասավ 713-ի։
Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվն անցել է 4 միլիոն 900 հազարը, ավելի քան 323 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է մոտ 1 միլիոն 690 հազարը։
ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցել է մեկուկես միլիոնը, համաճարակն արագորեն տարածվում է Բրազիլիայում, Հնդկաստանում, Պերուում, Չիլիում և Մեքսիկայում:
Չինաստանը փակել է Շուլան քաղաքը, որը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքից շուրջ 200 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում. այնտեղ համաճարակի նոր բռնկում կա: