Անցած մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 322 նոր դեպք, բուժվածների թիվն ավելացել է 293-ով, արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, հայտնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հանրագումարով՝ մայիսի 22-ի առավոտյան 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակվածության 5 928 դեպք, որոնցից 2 874-ն՝ արդեն առողջացած, 102-ը՝ մահվան ելքով․ նրանցից 74-ը, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, 28-ը՝ «այլ պատճառներով»։
Մայսիսի 21-ին արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. – «Պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 952 մարդ:
Մինչ այժմ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 47 հազար 654 է:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 5 միլիոն 100 հազարը, գրեթե 333 հազար մարդ մահացել է, շուրջ 1 միլիոն 950 հազարը՝ բուժվել։
Վարակվածների և մահացածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է: Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականով առաջիկա երեք օրերին կառավարական շենքերի և ազգային հուշարձանների վրա ծածանվող ամերիկյան դրոշները կիջեցվեն՝ որպես կորոնավիրուսից մահացածների սգո նշան:
Վրաստանում այսօրվանից կչեղարկվի արտակարգ դրությունը: StopCov-ի տվյալներով, վարակվածների ընդհանուր թիվը 723 է, որից 495-ը բուժվել է, 12-ը՝ մահացել։ Կարատնինի տակ են 3614 քաղաքացիներ, 316 պացիենտ ստացիոնար բուժում է ստանում։
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 3 749 է։ 2 340 քաղաքացի բուժվել է, 44-ը՝ մահացել։ Ադրբեջանի կառավարության որոշմամբ մայիսի 23-30-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել․ 24-25-ը Ռամադան է, իսկ մայիսի 28-ին երկրում տոնվում է Հանրապետության օրը։