Քննչական կոմիտեն պարզել է, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան նախկին ղեկավար, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը (հայտնի է որպես Նեմեց Ռուբո), նրա որդին և վերջինիս ընկերները Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենին նվաստացրել են, զրկել ազատությունից և ունեզրկել։ 3 անձի նկատմամբ հայտարարվել է հետախոզում։
Ըստ քննիչների՝ 2015 թվականի օգոստոսի 27-ից Հ.Շ.-ն աշխատել է Սևանի ափին գտնվող և Հայարապետյանի որդու անունով գրանցված «Նորալուսին» ընկերության «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար: Հ.Շ.-ն 2015-ի դեկտեմբերից մինչև 2016թ. հուլիսը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական Բանկից» ստացել է ընդհանուր՝ 52 միլիոն դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած՝ 30 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները:
Ռուբեն Հայրապետյանը որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի հետ, տեղեկանալով Հ.Շ.-ի կողմից «Նորալուսին» ընկերության անվամբ հիշատակված վարկերը ստանալու մասին, կազմակերպել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 52 միլիոն դրամն ստանալու նպատակով «Հարսնաքարի» քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016 թվականի հուլիսի 26-ից սկսած Հ.Շ.-ի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել են նրան, վերցրել վերջինիս բջջային հեռախոսը, տանջել, սպառնացել մինչև 2016-ի օգոստոսի 18-ը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամներ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Ըստ ՔԿ-ի, այդ ընթացքում՝ 2016 թվականի հուլիսի 26-ին, Ռաֆիկ Հայրապետյանն իր ավտոմեքենայով Հ.Շ.-ին տեղափոխել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող իրենց առանձնատան բակ, որտեղ հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով Հ.Շ.-ի հասցեին, նրանից պահանջել է 120 հազար դոլար, որից հետո՝ նույն օրը, Հ.Շ.-ին կրկին տեղափոխել են Սևանի «Հարսնաքար» համալիրի տարածք: Հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը գնացել է «Հարսնաքար» համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել Հ.Շ-ին, որտեղ էլ որդու ներկայությամբ, լրացնելով մյուսների կողմից իրականացվող խոշտանգումները, հայհոյանքներ տալով, էլեկտրաշոկով հարվածել է Հ.Շ.-ի այտին՝ կրկին պահանջելով 120 հազար դոլար:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Հ.Շ.-ի փախուստը կանխելու նպատակով Ռուբեն Հայրապետյանը որդու հետ խմբի անդամներին հանձնարարել է նշված ժամանակահատվածում համալիրի տարածքում տարբեր օրերի հերթապահել և հսկել նրան՝ 2016 թվականի օգոստոսի 13-ին, խմբի անդամների հսկողության տակ տեղափոխելով ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման և քննական բաժին՝ վերջինիս անվամբ հաշվառված ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու, ինչպես նաև վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար: Վերջիններս պարտադրել են Հ.Շ.-ին համալիրի աշխատակիցների ներկայությամբ մաքրություն անել դրա տարածքում՝ այդ կերպ նպատակ ունենալով նվաստացնել նրան:
Հայրապետյանը հանցակիցների հետ, իրենց վերը թվարկված գործողություններով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով Հ.Շ.-ին՝ ստիպել են վերջինիս իրենց ներկայությամբ զանգահարել և «Հարսնաքար» կանչել ընտանիքի անդամներին՝ նրան ժամանակավորապես տրամադրելով իր բջջային հեռախոսը:
2016 թվականի հուլիսի 26-ին և հաջորդող օրերին Հ.Շ.-ի կանչով եկել վերջինիս մայրը, քույրը, տատը, ընկերները և ընկերուհին, որոնց ներկայությամբ Ռուբեն Հայրապետյանի գիտությամբ Ռաֆիկ Հայրապետյանը հանցակիցների հետ Հ.Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հասցնելով, Հ.Շ.-ից, վերջինիս ընտանիքի անդամներից և ընկերությունից պահանջել են 57 միլիոն 138 հազար դրամին համարժեք՝ 120 հազար դոլար, ասված է հաղորդագրությունում:
Հ.Շ.-ն Հայրապետյաններին է տվել 500 դոլարանոց ոսկյա ապարանջանը, 3 հազար դոլար արժողության «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան, որը նշված արժեքով Հայրապետյանները վաճառել են, 2 հազար դոլար կանխավճարով գնված «Nissan Muran» մակնիշի ավտոմեքենան, որը Ռաֆիկ Հայրապետյանը վերադարձրել է ավտոմեքենայի նախկին սեփականատիրոջը և որպես կանխավճար տրված 2 հազար դոլարը հետ վերցրել, իսկ Հ.Շ.-ի ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, ընկերը տվել է 10 հազար դոլար և գոյացած 38 հազար 300 դոլարը և 240 հազար դրամն անձամբ, ինչպես նաև միջնորդավորված փոխանցել են Հայրապետյաններին: Բացի այդ, ընկերուհին նրանց է հանձնել Հ.Շ.-ի կողմից իրեն նվիրած հեռուստացույցը և 450 հազար դրամ արժողության ոսկյա զարդերը: Այդ ընթացքում Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանները պահանջել են իրենց հանձնել տուժողի տատի ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը:
Գումարի մի մասը ստանալուց և 2016թ. օգոստոսի 15-ին Հ.Շ.-ի տնօրենի լիազորությունները դադարեցնելուց հետո՝ 2016թ. օգոստոսի 18-ին, նա ազատ է արձակվել, իսկ Հ.Շ.-ի ընտանիքի անդամները, Հայրապետյանների միջնորդությամբ, կազմակերպելով իրենց բնակելի տան օրինականացման գործընթացը, զրկվել են իրենց միակ կացարանից։
Որոշումներ են կայացվել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանին և Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ազատությունից ապօրինի զրկելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն կատարելով կամ բռնության սպառնալիքով ինքնիրավչությունը), իսկ խմբի բացահայտված մյուս չորս անդամներին՝ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից ազատությունից ապօրինի զրկելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն կատարելով կամ բռնության սպառնալիքով ինքնիրավչությունը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի և խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
ՔԿ-ն նաև տեղեկացնում է, որ մայիսի 19-ին Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանը զանգահարել է վարույթն իրականացնող քննիչին և հայտնել, որ տեղյակ է ծանուցագրով իրեն Քննչական կոմիտե հրավիրելու մասին, սակայն գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, ցանկանում է վերադառնալ Հայաստան, բայց COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների, հատկապես ավիահաղորդակցության բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ:
Քննչական կոմիտեն մայիսի 20-ին դիմել է Ռուսաստանում ՀՀ դեսպանություն և խնդրել՝ աջակցել Ռ. Հայրապետյանին վերադառնալու Հայաստան, քանի որ դեսպանությունն է կազմակերպում ՀՀ քաղաքացիների վերադարձը: Պարզվել է, որ մայիսի 25-ին Մոսկվա-Երևան չվերթ է նախատեսված և դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ Ռ.Հայրապետյանի կողմից դիմելու դեպքում, աջակցել և կազմակերպել վերջինիս վերադարձը:
Այս ամենի մասին վարույթն իրականացնող քննիչը տեղեկացրել է ինչպես Ռ. Հայրապետյանին, այնպես էլ նրա պաշտպանին՝ Ամրամ Մակինյանին: