հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Հայաստանցի ֆուտբոլիստը չի ուզում վտանգել կյանքը բանակում․ նա փախստականի կարգավիճակի է սպասում

Հայաստանցի ֆուտբոլիստը չի ուզում վտանգել կյանքը բանակում․ նա փախստականի կարգավիճակի է սպասում

Անգլիայի Վիթչըրչ քաղաքի բնակիչները ստորագրահավաք են սկսել իրենց ֆուտբոլային ակումբի խաղացող, 23-ամյա Հովիկ Ներսեսյանի համար՝ Անգլիայի կառավարությանը խնդրելով փախստականի կարգավիճակ տալ նրան և թույլ չտալ նրա հարկադիր վերադարձը Հայաստան։

«Հովիկ Ներսեսյանն անկեղծ ու ազնիվ երիտասարդ է և մեր համայնքի մաս է կազմում։ Նրա կյանքը վտանգի տակ կլինի, եթե նրան կացարան չտան և նա վերադառնա Հայաստան, որտեղ նրան կարող են բանտարկել, ենթարկել վատ վերաբերմունքի և հարկադրել 2 տարի ծառայել բանակում։ Նա սոցիալական աջակցության, փողի կամ կացարանի կարիք չունի, ուղղակի [կարիք ունի] հնարավորություն ստանալ կառուցելու կյանք՝ առանց վտանգի», ֊ ասված է ստորագրահավաքի տեքստում։

Հովիկ Ներսեսյանի նկատմամբ Հայաստանի կառավարությունը հետախուզում է հայտարարել, քանի որ նա զինապարտության տարիքում է և, մեկնելով երկրից, խուսափում է զինվորական ծառայությունից։ Հովիկ Ներսեսյանը դիմել է անգլիական դատարան։ Նրա գործը քննվելու է փետրվարի 19-ին։

Ներսեսյանն իր վիճակի վերաբերյալ զրուցել է Shopshire Star պարբերականի հետ։ Նա ասել է, որ Ադրբեջանի հետ պատերազմից հետո, Հայաստանն անգամ ֆուտբոլիստներին է ուղարկում ծառայության։

«Հիմա նրանք հաշվի չեն առնում, որ դու ֆուտբոլիստ ես։ Կառավարությունը տանում է բոլորին, ուղարկում է կռվելու։ Ադրբեջանական լուրերում ես կարդացել եմ, որ հայաստանցի զինվերները մահանում են ամեն օր։ Այստեղ՝ Շրոփշայրում ես ապահով եմ, ինձ դուր է գալիս այստեղ ապրելը։ Հուսով եմ՝ դատարանն ինձ համար դրական վճիռ կկայացնի»,֊ ասել է Ներսեսյանը։

Հայաստանցի ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակը մեկնաբանել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ պնդելով, որ դա «դասալքության վառ օրինակ է»։ Միևնույն ժամանակ Հայրապետյանի պարզաբանման մեջ նշվում է, որ Ներսեսյանը տարեկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության բժշկական հանձնաժողովի կողմից։

Ֆեդերացիայի կայքը փոխանցում է Հայրապետյանի պարզաբանումները․ «Հովիկ Ներսեսյանը մինչև 2015 թվականը եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան, ապա երիտասարդական հավաքականներում: 2015 թվականին՝ ձմեռային զորակոչից առաջ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարություն․ համաձայն ընդունված կարգի, այդ ֆուտբոլիստներն իրենց ծառայությունը պետք է անցկացնեին սպորտային վաշտում, որը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության սահմաններից շատ հեռու՝ Երևանում:

Ցուցակում ընդգրկված է եղել նաև Հովիկ Ներսեսյանը: Սակայն վերջինս հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015 թվականի աշնանը Հովիկ Ներսեսյանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով տարեկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից և 2016 թվականին մեկնել է Անգլիա, որից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ակումբը ոչ մի կապ կամ տեղեկություններ չեն ունեցել նրանից:

Հիմա այդ երիտասարդը քաղաքական ապաստան է խնդրել այլ երկրից. կարծում եմ նրա միակ նպատակը Հայաստանից փախչելն է: Սա դասալքության վառ օրինակ է և ոչ մի կապ չունի նրա կողմից հնչեցրած պատճառնների հետ»։