Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, մեծահարուստ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Նախկին պատգամավորի փաստաբան Ամրամ Մակինյանի կարծիքով՝ հետախուզում հայտարարելու համար հիքմեր չկան, քանի որ հստակ հայտնի է Հայրապետյանի գտնվելու վայրը, ինչպես նաև առկա են «Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին պատշաճ իրազեկել ենք քննիչին»:
Ռուբեն Հայրապետյանն այժմ գտնվում է Ռուսաստանում և, ինչպես փաստաբանի խոսքերն է փոխանցում Սիվիլնեթը, կորոնավիրուսի համավարակի հետևանքով կիրառված սահմանափակումների պատճառով Հայրապետյանն ու որդին չեն կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ չվերթներ չեն իրականացում:
Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին ներգրավել է որպես մեղադրյալ ինքնիրավչության, անձին ազատությունից զրկելու և շորթման հատկանիշներով:
Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ Ռուբեն Հայրապետյանն իր որդու ու այլ անձանց հետ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կիրառել է բռնություն, զրկել նրան ազատությունից՝ 2016 թվականին Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական Բանկ» ԲԲԸ-ից ստացած 52 մլն դրամի վարկային միջոցների վերադարձման նպատակով:
«Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի և խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան», – հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
Մայիսի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։