Հայաստանի Կառավարությունը հաստատեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրի երկրորդ փուլը։ Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակապահովման հարցի լուծման համար հատկացվեց 2 մլրդ 169 մլն 750 հազար դրամ։ Խոսքը 185 ընտանիքների մասին է։
2019-ի նոյեմբերին՝ 10 տարվա դադարից հետո, Հայաստանի կառավարությունն առաջին անգամ միջոցներ հատկացրեց՝ Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի շարունակ ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու համար։ Բնակարանի կարիք ունեցող 2589 փախստական ընտանիքներից առաջնահերթ կարիքավոր ճանաչված 895-ի բնակապահովման խնդիրը նախատեսվում էր լուծել առաջնահերթության կարգով՝ տարանջատված և փուլերով։ Առաջին փուլը 112 ընտանիք էր ներառում․ 2019-ին 1․5 մլրդ դրամ էր հատկացվել Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում բնակվող փախստականների բնակապահովման հարցը լուծելու համար։ Երկրորդ փուլում նախատեսվում էր լուծել երևանաբնակ ևս 185 ընտանիքների բնակարանային հարցը՝ երրորդ փուլին թողնելով միայն Շենգավիթ վարչական շրջանում հաշվառված և բնակվող ընտանիքներին։
Աջակցությունից կարող են օգտվել Ադրբեջանից բռնագաղթած այն ընտանիքները, որոնք համապատասխանում են Կառավարության 2004 թվականի որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (այդ թվում, ովքեր հաշվառվել են Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից 2003 թվականի փոխարեն 2005 թվականին և 2008 թվականին):
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված նախատեսվում է երկարաձգել բնակարանի գնման վկայագրերի համար սահմանված ժամկետը։ Յուրաքանչյուր ընտանիքին հասանելիք գումարի չափը, ըստ նախարարի, կախված է ընտանիքի անդամների թվից և բնակարանի մակերեսից։ Ըստ Պապիկյանի՝ հատկացվելիք գումարը բավարար է Երևանի տարբեր հատվածներում բնակարան գնելու համար։
Բնակարանի գնման վկայագիր կարող են ստանալ անձինք, ովքեր վկայագրի տրման պահին, չլինելով Հայաստանի քաղաքացի, ներկայացրած են եղել ոստիկանության կողմից անհատական ծածկագրով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումն ընդունված լինելու վերաբերյալ թերթիկ կամ տեղեկանք, որը փաստում է ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ընթացքի մեջ է։ Նշված անձանց բնակարանի գնման վկայագրի հիման վրա սույն կարգի 38-րդ կետով սահմանված հասանելիք դրամական միջոցների 40 տոկոսը կփոխանցվի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ընդհանուր կարգով։ Աջակցությունից օգտվելու հնարավորություն չունեն նրանք, ովքեր ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան կամ այն օտարել են սույն որոշման ընդունմանը նախորդող 10 տարիների ընթացքում: