Բանտերում, հոգեբուժարաններում և այլ փակ հաստատություններում մշտադիտարկումներից հետո ՄԻՊ գրասենյակը հաղորդագրւթյուններ է ուղարկում, որոնցում՝ խատումները թվարկելուց հետո, նշում է․
– արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր,
– վեր հանված խնդիրները քննարկվել են հիմնարկների վարչակազմի, բժիշկների հետ,
– խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին
և այլն։
Նոր օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած թիմը երեկ այցելել է կանանց և անչափահասների՝ Աբովյանի բանտ․ կրկին բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։ Դրանց մասին հաղորդել էր են նաև նախորդ ՄԻՊ Արման Թաթոյան՝ 2020 թվականի փետրվարի 17-ի այցի ամփոփագրում։
Այժմ ՄԻՊ-ի գրասենյակի արձանագրած հիմնական խնդիրները հետևյալն են.
— քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները խիստ անբավարար են. այցի ընթացքում հիմնարկի միջանցքներում և որոշ խցերում բարձր է եղել խոնավության մակարդակը, պատերի ծեփամածիկը եղել է թափված, առկա է եղել վերանորոգման հրատապ անհրաժեշտություն,
— բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները,
— Ծնողների հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված չեն կահավորված զբոսաբակեր, խաղահրապարակներ,
— խցերն ապահովված չեն ծնողի հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված մանկական կահույքով, որոշ դեպքերում նաև մանկական մահճակալով,
— «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանումում առկա չեն մանկահասակ երեխաների առաջին բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցներ (օրինակ՝ ջերմիջեցնողներ),
— ատամնաբուժական կաբինետում առկա է եղել ժամկետանց դեղորայք,
— ազատությունից զրկված անձինք իրենց դժգոհությունն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի և բազմազանության կապակցությամբ.
— առկա են մանկահասակ երեխաներին օրենսդրությամբ սահմանված սննդի համապատասխան չափաբաժիններով և տեսականիով ապահովման հետ կապված խնդիրներ,
— միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից,
— առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ: