Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները մեկ շաբաթ է՝ դասադուլ են անում․ ակցիային է միացել նաև պրոֆեսորադասախոսական կազմը։ Հինգշաբթի օրը նրանք հավաքվել էին բուհի բակում, որտեղից երթով շարժվել դեպի կառավարություն՝ ավելի վաղ փոխանցված նամակի պատասխանը ստանալու ակնկալիքով։
Կրթական պրոցեսը խաթարվեց, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախագծով նախատեսվում է Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միացնել Հայկական պետական մանկավարժական համալսարանին։
Դժգոհության առիթ է դարձել բովանդակային քննարկումների բացակայությունն ու բերված հիմնավորումների անընդունելիությունը, որոնք, ըստ զրուցակիցների, չեն պատասխանում իրենց հիմնական հարցերին․ ի՞նչ է լինելու բուհի հետ՝ մեկ այլ ուսումնական հաստատության հետ ձուլվելուց հետո, ո՞ր բուհն են, վերջիվերջո, ավարտելու ուսանողները, ինչպե՞ս են այս փոփոխություններն ազդելու ուսումնական պրոցեսի վրա։
Բրյուսովցիները հերքում են ԿԳՄՍ նախարարի՝ քննարկումների անցկացված լինելու մասին հայտարարությունը, ինչպես նաև Վահրամ Դումանյանի այն պնդումը, որ հաստիքները պահպանվելու են, բացառությամբ ռեկտորի երկու պաշտոնի։
Ուսանողները վիրավորված են պետկառույցների արհամարհական վերաբերմունքից և վրդովված՝ ԶԼՄ-ների կողմից իրենց խոսքն աղավաղելուց։ Ինչպես նաև՝ վստահ են, որ ամբողջ խնդիրը բուհի շենքն է․ «Հավանաբար, ինչ-որ մեկին են խոստացել, որովհետև նաև տեսեք՝ ինչ լավ վայրում է գտնվում, էստեղ շենքի հարցն էլ է»։
Քիչ անց ցույցի մասնակիցներից կազմված պատվիրակությանը հրավիրել էին կառավարության շենք։ Կարճ հանդիպման մասնակից, «Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանի փոխանցմամբ, դիմումը մակագրվել էր փոխվարչապետի գրասենյակ․
«Հանդիպեցինք դիմումների և բողոքների բաժնի պետի հետ, հարցրեցինք, թե ի՞նչ ընթացքի մեջ է մեր դիմումը։ Պատասխանը դեռ պատրաստ չէ։ Մենք պնդեցինք, որ հիմա պետք է տրվի պատասխան, որովհետև հարցը վերաբերում է մեր 4000-ից ավել ուսանողներին, և նրանց լսարան վերադառնալը պայմանավորված է կոնկրետ այդ դիմումում բարձրացված հարցերի պատասխաններից։
Ասացին, որ, հաշվի առնելով, որ Հայաստան են ժամանում այլ երկրի պատվիրակություններ, այսօր զբաղված են։ Վաղը ժամը մեկին մեր հարցերին կպատասխանի ՀՀ փոխվարչապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը»։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների խումբը, որը պահանջում էր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը հեռացումը, հայտարարել էր Կրթության փոխնախարար Գրիշա Թամրազյանի հովանավորչության մասին։