ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ շրջանառվում է երեք բուհերը՝ Բրյուսովի, Մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու հարցը։
Նրա խոսքով՝ երեք բուհի ռեկտորները տեղյակ են եղել դրանից, ու հարցի վերաբերյալ նրանց հետ քննարկումներ են տեղի ունեցել նաև իր մասնակցությամբ։
«Զարմացած եմ ռեկտորի հայտարությամբ, որ դա եղել է իր համար անակնկալ: Ավելի շատ լիազոր մարմնի համար է եղել անակնկալ, որ իրենք այդ հարցը ընդգրկել են օրակարգ:
Ես լավ եմ հիշում՝ վերջին քննարկումը այդ հարցի շուրջ եղել է օգոստոսի 9-ին, նույնիսկ ժամը կարող եմ ասել: Երեք բուհի ռեկտորների հետ անձամբ ես եմ հանդիպել նախարարությունում, և ասվել է, որ կա նման գաղափար: Գաղափարը նոր չէ, տարիներ շարունակ քննարվել է դա, բայց ես ասել եմ՝ հնարավոր է այդ գաղափարը մտնի գործնական փուլ:
Նշված բուհի ռեկտորն ինձ ասաց, որ իր ժամկետը մոտենում է ավարտին և կարգի համաձայն հոկտեմբեր ամսին պետք է հայտարարվի մրցույթ: Ես ասացի՝ քանի որ նման գաղափար ունենք, որքանո՞վ է հիմնավորված մրցույթ անցակացնել, եթե մենք այդպիսի գործընթաց պիտի սկսենք», – ասել է ԿԳՄՍ նախարարը:
Դումանյանը, դիմելով ուսանողներին ու դասախոսներին, ընդգծել է, որ ոչինչ կտրուկ չի փոխվելու:
«Այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի, որևիցե բան չի փակվում, որևիցե հաստիք չի կրճատվում, միգուցե, երկու ռեկտորի հաստիք պակաս ունենանք», – նշել է Դումանյանը:
Հարցին, թե որն է տրամաբանությունը միավորելու հենց այս երեք բուհերը, նախարարը պատասխանել է․
«Մանկավարժականը մանկավարժ պատրաստող բուհ, Ֆիզկուլտ ինստիտուտը մարզիչներ և ևս ուսուցիչներ պատրաստող է։ Օտար լեզուների գծով մանկավարժների պատրաստումը եղել է Բրյուսովի ինստիտուտի հիմնական գործառույթը շատ տարիներ առաջ, որի մի մասը տարիների ընթացքում մնացել է էլի այդ բլոկը, մյուս մասը դարձել է լրիվ ուրիշ բան: Կրթության կազմակերպան, այս ուսուցիչների, մարզիչների տրամաբանությամբ»։
Նախարարի խոսքով երեք բուհերի շենքերն էլ պահպանվելու են և երբ բուհերը միավորվեն, քննարկվում է, որ այն ունենա Կրթական գիտությունների ինստիտուտ անունը։
Հիշեցնենք՝ երեկ Բրյուսովի ուսանողները դասադուլ են սկսել՝ բուհը չփակելու ու Մանկավարժականին և Ֆիզկուլտ ինստիտուտին չմիացնելու պահանջով։ Ուսանողական ու դասախոսական անձնակազմը ստորագրահավաք է կազմակերպել՝ Կառավարության որոշման դեմ։
Ըստ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած տվյալների՝ այս ուսումնական տարում բուհ է ընդունվել 9729 դիմորդ։ Թափուր է մնացել 14158 տեղ, որից 13900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար: Որ բուհերը խոշորացվելու են հայտնի էր դեռևս սեպտեմբերի 1-ից։ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նպատակն է ունենալ առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ։ Նորացվող ու միավորվող բուհերը ժամանակի ընթացքում տեղափոխվելու են Ակադեմիական քաղաք՝ Աշտարակ։