Home / Առողջապահություն / Երեք օրով դադարեցվեց Վանաձորի կարի ֆաբրիկայի աշխատանքը

Երեք օրով դադարեցվեց Վանաձորի կարի ֆաբրիկայի աշխատանքը

Հունիսի 2-ից 72 ժամով դադարեցվել է երկրի ամենախոշոր տեքստիլ ձեռնարկության աշխատանքը․ կորոնավիրուս է հայտնաբերվել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 39 աշխատակցի մոտ։

Նախօրեին, երբ հայտնի էր ընդհամենը 3 հաստատված դեպքի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատակիցներին ֆաբրիկա տեղափոխող ավտոբուսի լուսանկար հրապարակելուց հետո ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր պարետի որոշմամբ ֆաբրիկայի աշխատանքը դադարեցնելու մասին: «Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար», – գրել էր վարչապետը։

Ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը տարօրինակ է համարել մի լուսանկարի հիման վրա նման խոշոր արտադրությունը կանգնեցնելու որոշումը։ Առավոտյան Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի պետ Սամվել Լամբարյանը ոստիկանների հետ ծանուցել են սեփականատիրոջը պարետի որոշման մասին։ Վերջինս չի բացառել, որ կարող է դատի տալ երեք օրում մոտ 250 հազար եվրո վնաս պատճառելու համար։

Դարբինյանի խոսքով՝ մինչև համավարակը և դրանից հետո ընկերությանը սպասարկել են 25 վարձակալած ավտոբուսներ, որոնք տեղափոխում են աշխատողներին Վանաձորի տարբեր թաղամասերից ու հարակից համայնքներից։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, սեփականատերը չի հերքել՝ աշխատողների մեծ մասին ֆաբրիկա հասցնող ավտոբուսներում հնարավոր չէ լիարժեք ապահովել պարետի պահանջը սոցիալական հեռավորության մասին։ Յուրաքանչյուր ավտոբուս ֆաբրիկա է բերում 30-35 աշխատողի, մինչդեռ պարետի պահանջով այդ թիվը չպետք է գերազանցի 15-ը։ Դարբինյանն ընդգծել է՝ երեք օր անց՝ վերաբացելուց հետո, ֆաբրիկան այլևս ավտոբուսներ չի վարձակալի, վարձակալության գումարներն աշխատողները կստանան որպես փոխհատուցում, որի հաշվին արդեն իրենց միջոցներով կհասնեն աշխատավայր։