Ոստիկանությունը հայտնում է, որ «Մեյմանդարի» աշխատողները, հրաժարվելով կատարել պարետի որոշումը, գլխիվայր շրջել են շուկայի մետ կայանված մեքենան, կան ձերբակալվածներ։
Պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը՝ տարածքը ախտահանելու համար։ Պարետի որոշումը ի կատար ածելու նպատակով շուկա էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները։
Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, շուկայում գյուղմթերքի առուվաճառքով զբաղվող անձինք հրաժարվել են կատարել պարետի որոշումը և շուկայի մուտքերից մեկի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջել են։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է Վաղարշապատի քննչական բաժին։
Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել միջադեպին մասնակցած անձանց, կան ձերբակալվածներ։ Այս պահին շուկայի գործունեությունը 24 ժամով դադարեցված է և կատարվում են սանմաքրման աշխատանքներ։