ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից տիրող հարաբերական կայունությունն ու կոչ արել օգտվել դրանից՝ պատրաստվելու լուրջ և առարկայական բանակցությունների՝ խնդրի համապարփակ լուծումը գտնելու համար:
Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդների հայտարարությունը հրապարակվել է հուլիսի 24-ին։ Համանախագահները նշել են, որ այս զգայուն ժամանակաշրջանում ծայրահեղ կարևոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներից, և ընդգծել՝ տևական ու խաղաղ կարգավորման համար քաղաքական կամքի լավագույն դրսևորումն է զերծ մնալ առավելապաշտական մոտեցումներից, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմն ու խուսափել սադրանքներից։
Միջնորդները շեշտել են՝ համանախագահող երկրների ջանքերը քննադատող հայտարարությունները և փորձերը՝ միակողմանիորեն նոր «պայմաններ» սահմանել կամ փոփոխություններ մտցնել բանակցությունների ձևաչափում, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը:
Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նաև շնորհակալություն են հայտնել միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրամիությանը) այն բանի համար, որ «նրանք կոչ էին անում կողմերին կենտրոնանալ լարվածությունը թուլացնելու վրա, և ոչ թե մյուսների վրա դնում իրավիճակը սրելու ողջ պատասխանատվությունը»։
Միջնորդները ընդգծել են՝ իրենց ջանքերի հիմքում շարունակում են մնալ 2019 թվականի մարտի 9-ին տարածված հայտարարության մեջ ներկայացված տարրերն ու սկզբունքները (այսինքն՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները, ըստ որի խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, և լրացուցիչ տարրերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն)։
Համանախագահները հայտարարել են նաև, որ ցանկացած պահի պատրաստ են հանդիպել կողմերին կամ նրանց ներկայացուցիչներին։