Հանցակազմի բացակայության հիմքով Ամուլսարի գործը կարճվել է ՝ հայտնում է Քննչական կոմիտեն։ Ոսկու հանքի շահագործումը թույլատրելու գործընթացում չարաշահումներ, ըստ ՔԿ-ի, չեն հայտնաբերվել, «մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում» չի իրականացվի։
Անգամ պետության կողմից (400 հազար դոլարով) պատվիրված և «Էլարդ» ընկերության կողմից իրականացված հետազոտությունն էր փաստել, որ շահագործող ընկերության («Լիդիան Արմենիա») ներկայացրած տվյալները, այդ թվում՝ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ, թերի են, իսկ ՇՄԱԳ-ը (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում)՝ ենթակա վերանայման, Քննչական կոմիտեն եզրակացրել է, որ հանցակազմ չկա, առկա խնդիրներն էլ զուտ «տարբեր մեթոդաբանություն կիրառելու» հետևանք են․․․
Քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ «Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման գործընթացին մասնակցած անձանց կողմից հնարավոր հանցագործություն կատարված լինելու վարկածները ստուգելու նպատակով» կատարվել են բազմաթիվ գործողություններ՝ հարցաքննություններ, մեծածավալ փաստաթղթերի զննություն, ուսումնասիրություն, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և այլն․
«Գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» և «Թի Ար Սի» ընկերությունների փորձագետներին:
2019թ. հուլիսի 22-ին ստացվել է վերը նշված փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ի /ներկայիս՝ «Լիդիան Արմենիա»/ կողմից ՀՀ լիազոր մարմնին ներկայացված, ապա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացություն ստացած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման փաստաթղթերում առկա են թերություններ, թերհաշվարկներ, անճշտություններ և տվյալների բացեր: Հիշյալ հետևությունների վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է իր գրավոր առարկությունները:
Առկա հակասությունների կապակցությամբ ուսումնասիրվել են տվյալ ժամանակահատվածում գործող նորմատիվ իրավական բազմաթիվ ակտեր, այդ թվում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը /ընդունված՝ 21.06.2014թ./ և վերջինիս դրույթներով համապատասխան գնահատման մեթոդիկայի սահմանման ու հաստատման գործընթացի իրավական կարգավորումները», – ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ բնապահպանական նույն երևույթների և դրանց հետ կապված տվյալների վերաբերյալ «իրարամերժ փաստարկները պայմանավորված են դրանք հաշվարկելու և գնահատելու ընթացքում տարբեր մեթոդաբանություններ կիրառելու՝ գիտական խորը վեճերով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ հաստատված կոնկրետ չափորոշիչների և մեթոդաբանության բացակայությամբ»։
Առկա թերությունները վերացնելու նպատակով գործի շրջանակներում «համապատասխան փաստաթղթեր են ուղարկվել նաև շրջակա միջավայրի նախարարություն»:
ՔԿ-ն եզրակացրել է, որ նախաքննության ընթացքում «ձեռք չեն բերվել փաստական տվյալներ առ այն, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, հաշվետվությունը փորձաքննության ենթարկելիս, հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ», ուստի դեկտեմբերի 21-ին որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին: