Home / Հայաստան / Լույս ու ջուր տվեք․ Աբխազիայում ցույցեր են

Լույս ու ջուր տվեք․ Աբխազիայում ցույցեր են

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և կառավարական շենքերը հսկող իրավապահների միջև։

Աբխազիայի ժողովրդա-հայրենասիրական միության կազմակերպած հանրահավաքները տեղի իշխանությունները չեն արտոնել։ «Թույլ չենք տա վաճառել Աբխազիան», «Ժողովուրդը ձեզ չի հավատում, ժողովուրդը հոգնել է ստից», «Ներողություն խնդրեք և հեռացեք», «Լույս ու ջուր տվեք» պաստառներով ցուցարարները փորձել են ճեղքել ուժային կառույցների շղթան և դուրս գալ խորհրդարանի ու նախագահականի դիմացը գտնվող հրապարակ։

Ռիա Նովոստիի թղթակցի փոխանցմամբ՝ հանրահավաքին մասնակցում է ավելի քան 500 մարդ։ Իրավապահ մարմինները ցուցարարների դեմ ծխային ռումբեր են կիրառել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։

Հանրահավաքում ելույթ ունեցող ընդդիմադիրները գործող կառավարությանը, մասնավորապես, նախորդ տարի ընտրված նախագահ Ասլան Բժանիային մեղադրում են տնտեսական և էներգետիկ ճգնաժամի մեջ։ Հիշատակվում է նաև քաղաքական հետապնդումների, տապալված խոստումների, հակահամաճարակային քաղաքականության ձախողման, չինովնիկական համակարգի ուռճացման և այլնի մասին։

«Էներգետիկ ոլորտը վերջնականապես խոցվեց կրիպտոարժույթի մայնինգի օրինականացմամբ։ Հայտնի չէ՝ մենք բոլորս դեռ որքան ենք վճարելու՝ էլեկտրաէներգիայի գոյացած պարտքերը մարելու համար», – նշել է հասարակական գործիչ Ախրա Բժանիան։

Պետմարմինների «փխրուն կայունությունը»

«Մենք ընդունում ենք խնդիրների, չլուծված հարցերի առկայությունը, բայց չենք համարում, որ դրանք կարող են պատճառ դառնալ պետության փխրուն կայունությունը խաթարելու համար։ Ուստի նախազգուշացնում ենք բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապօրինի, հակասահմանադրական գործողություններ իրականացնել․ իրավապահ մարմինները կանխելու են օրենքը խախտելու բոլոր փորձերը», – նախքան հանրահավաքի սկսելը՝ հայտարարել է նախագահ Բժանիան։

Ներքին գործերի նախարար Վալտեր Բուտբան էլ բնակչությանը կոչ է արել չմասնակցել ընդդիմության ապօրինի հանրահավաքներին և չդիմել գործողությունների, որոնք կարող են խանգարել պետմարմինների աշխատանքին։

Ցուցարարների մոտ դուրս գալուց նախագահը հրաժարվել է, բայց ընդունել է ցուցարարներին ներկայացնող պատվիրակությանը։ Պատվիրակների փոխանցմամբ՝ «բանակցությունները» արդյունք չեն տվել։

Ցույցի օրը հայտարարվել է, որ էլեկտրաէներգիայի անջատումներ էլ չեն լինի

Ռուսաստանի Դաշնությունից Ամխազիայի կիսաճանաչված հանրապետություն Էլեկտրաէներգիայի մատակարարման երկրորդ փուլն իրականացվել է այսօր՝ հայտարարել են «Չերնոմորէներգո»-ն՝  հավելելով, որ անջատումներ այլևս չեն լինի՝ «բացառությամբ այն դեպքերը, որոնք պայմանավորված են էլցանցերի գերծանրաբեռնվածությամբ»։

Անջատումներին վերջ տալու մասին հայտարարությունը համընկել է ընդդիմության հանրահավաքի հետ։

Հիշեցնենք՝ Խորհրդային տարիներին Աբխազիան ուներ ինքնավար հանրապետության կարգավիճակ Վրաստանի ԽՍՀ կազմում։ 1990-ականներին Աբխազիան՝ Հարավային Օսիայի հետ միասին, հայտարարեց Վրաստանից անջատման մասին։ Հետագա զինված հակամարտությունների ժամանակ Վրաստանը փաստացի կորցրեց երկու շրջանների նկատմամբ իր վերահսկողությունը։

2008 թվականի օգոստոսին Վրաստանի և Ռուսաստանի միջև հնգօրյա զինված հակամարտությունից հետո Մոսկվան պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիան և Աբխազիան՝ որպես անկախ պետություններ։ Երկու կիսաճանաչված հանրապետությունների տարածքում էլ տեղակայված են ռուսական զորքեր, բնակիչներից շատերը ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն։

Վրաստանը չի ճանաչում հանրապետությունների դե ֆակտո իշխանություններին և երկու շրջաններն էլ համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված։  Ռուսաստանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Նաուրուից և Վանուատուից բացի՝  ՄԱԿ-ի մնացած բոլոր երկրները ճանաչում են Աբխազիան որպես Վրաստանի անբաժան մաս։