Ուկրաինայի նախկին նախագահ, գործող պատգամավոր, երկրի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Պյոտր Պորոշենկոն կասկածվում է պետական դավաճանության, Դոնբասի և Լուգանսկի անջատողական ուժերին (պաշտոնական Կիևը նրանց «ահաբեկչական» է անվանում) ֆինանսավորելու մեջ։ Գործը կապված է չճանաչված հանրապետություններից ածուխի մատակարարումների հայտնի պատմության հետ։
Պարաշենկոյին հարցաքննել չի հաջողվել։ Նախկին նախագահը լքել է Ուկրաինան։ Նրա կուսակցությունը հայտարարել է, որ Պորոշենկոն մեկնել է «ծրագրված ուղևորության»։
1․5 միլիարդ գրիվնայի ածուխ՝ չճանաչված հանրապետությունների հանքերից
Քրեական գործը քննվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական դավաճանության» և «ահաբեկչական կազմակերպության գործունեությանն օժանդակելու» հոդվածներով: «Ահաբեկչական կազմակերպություն» ասելով՝ Կիևը նկատի է ունենում Ուկրաինայի արևելյան շրջաններում (ինքնա)հռչակված Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրեպություններին։
Ուկրաինայի պետական քննչական բյուրոյի՝ դեկտեմբերի 20-ի հայտարարության մեջ ասվում է, որ գործը քննվում է «ժամանակավորապես օկուպացված տարածքներից» ածխի մատակարարումների հանցավոր սխեմայի կազմակերպման, Լուգանսկի ժողովրդական հանրապետություն և Դոնեցկի ժողովրդական հանրապետություն «ահաբեկչական կազմակերպություններին» Ուկրաինայի մի խումբ քաղաքացիների կողմից ընդհանուր մոտ 1․5 միլիարդ գրիվնայի (54 միլիոն դոլար) օժանդակության հիմքով։
Ուկրաինայի 5-րդ նախագահը կասկածվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների հետ նախնական համաձայնությամբ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի գործունեությանը աջակցելու մեջ։
Նույն գործով (պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն օժանդակելու համար) հոկտեմբերին մեղադրանք էր առաջադրվել նաև Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկին։ Վերջինս արդեն կես տարի է, ինչ տնային կալանքի տակ է։ Ուկրաինական լրատվականները պնդում են, որ նա սերտ կապեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նշվում է, որ Ռուսաստանի առաջնորդը նրա դստեր կնքահայրն է:
Մեծ հաշվով, քրեական գործի ամբողջ բովանդակությունը հանգում է նրան, որ Պորոշենկոյի նախագահության տարիներին Ուկրաինան (Կիևի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ընկերությունները) ոչ պաշտոնապես ածուխ է գնել անջատողականներից։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի անունից չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչների և ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցել է հենց Մեդվեդչուկը, նախագահ Պորոշենկոն այդ մասին ևս իմացել է։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Մեդվեդչուկի դեմ գործի շրջանակներում ստուգելու է նաև Պորոշենկոյին և Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարևային։
Պորոշենկոն էլ չի հերքում
Ինքը՝ Պետրո Պորոշենկոն, սեփական «Պրյամոյ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաստատել է, որ 2014 թվականին Ուկրաինան իսկապես ածուխ է գնել «այսպես կոչված» Դոնբեցկի և Լուգանսկի հանրապետություններից։ Մինչ այդ նա հիմնականում հերքում էր բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք «կեղծ, քաղաքականապես մոտիվացված գործերի և քաղաքական ընդդիմախոսների կողմից սև պիարի դասական օրինակ»։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցներում տրամադրության տակ էին հայտնվել նաև Մեդվեդչուկի խոսակցությունների գաղտնալսված ձայնագրությունները՝ Լուգանսկի և Դոնեցկի ներկայացուցիչների և տարբեր մակարդակի ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի, Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի և Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ։ Ինքը՝ Մեդվեդչուկը, արտահոսքին առանձնահատուկ նշանակություն չէր տվել՝ նշելով, որ նման խոսակցությունների մասին չի հիշում։
Ուկրաինան 2014 թվականից պատերազմում է Դոնբասի շրջանում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների հետ։ Մարտերն ավելի քան 13000 մարդու կյանք են խլել։ Երկիրը վառելիքի սուր դեֆիցիտի բախվեց այն բանից հետո, երբ անջատողականները գրավեցին տարածքը, որտեղ գտնվում էին ածխի հանքերը: