Փետրվարի 27-ին Կառավարությունը 150 միլիոն դոլար բյուջետային երաշխիք է տրամադրել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, որպեսզի այն սկսի Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը։ Այսպես Կառավարությունը կապահովի ընկերության՝ «Արդշինբանկ», «ԱԿԲԱ ԲԱՆԿ», «ԱյԴի Բանկ», «Ինեկոբանկ» և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» բանկերից վերցրած վարկերի (մայր գումարի և վեց ամսվա տոկոսագումարների) վերադարձը։
Հիշեցենք, որ Կառավարությունը 2020 թվականի պատերազմից հետո թույլատրել է պրոբլեմատիկ հանքավայրի շահագործումը՝ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերի պետականացման դիմաց։
«Լիդիանը», սակայն, չի սկսել աշխատանքը։ Պատճառաբանությունը ֆինանսներ չունենալն է։ Վերջին պոտենցիալ ներդրողը ռուս-ղազախական Եվրասիական զարգացման բանկն էր, որը պիտի վարկավորեր անհրաժեշտ 150 միլիոն դրամից 100-ը։ Բայց 2024 թվականի նոյեմբերին ԵԱԶԲ-ն դադարեցրել է վարկի շուրջ բանակցությունները, քանի որ ինքը՝ «Լիդիան Արմենիան» հետ էր կանչել հայտը։
Ամուլսարի ֆինանսավորումը դադարեցրել է նաև Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը ֆինանսավորում էր ծրագիրը 2007-2015 թվականներին։
2020 թվականից ծրագրից հրաժարվել է նաև մյուս մեծ ներդրողը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։ ՎԶԵԲ-ը հետ է կանգնել Ամուլսարից, քանի որ իրավանախորդ «Լիդիան Ինթեռնեշնլ» ընկերությունը 2020-ին սնանկ է ճանաչվել և դուրս հանվել Տորոնտոյի բորսայում ցուցակագրված ընկերությունների շարքից։
«Կառավարության կողմից Լիդիանին բանկերից վերցվելիք վարկերի համար երաշխիք տալու մտադրությունները այլ բառերով, քան հակաժողովրդական, ապօրինի, կոռումպացված նկարագրելը հնարավոր չէ: (..) Հիշեցնենք, որ խոսքը ահռելի՝ ՀՀ պետբյուջեի համար անմարսելի 150 միլիոն դոլարի մասին է, որը դեռևս ոչ մի միջազգային ֆինանսական կառույց ռիսկ չի արել տրամադրել, քանի որ հասկացել են, որ դա անդառնալի ռիսկ է»,- որոշումը քննադատել է Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը։
«Ամուլսարի հարցում նույնպես ամեն ինչ զրոյական կետից սկսելու ախտանիշով տառապող կառավարությունն այսօր որոշում է ընդունել ՀՀ քաղաքացիների հաշվին բյուջետային երաշխիք տրամադրել մասնավոր ընկերությանը, որ դրանք 150 միլիոն դոլար վարկ ստանան հայկական մի քանի բանկերից՝ Ջերմուկի կողքը ոսկու հանքի շինարարությունը վերսկսելու և ավարտին հասցնելու համար։ Իհարկե կառավարությունում մտածում են, որ պոպուլիստական ձևակերպումների հետևում կարող են թաքցնել կամ մոռացության մատնել այդ ծրագրի բազմաթիվ տարաբնույթ ռիսկերը, որոնք հստակ մատնանշվել են վերջին 15 տարվա ընթացքում և վերահաստատվել բազմաթիվ լրջագույն մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում։ Բայց իրենք հերթական անգամ սխալվում են և Ամուլսարի հարցում կրկին մնալու են ձեռնունայն։
Եթե այս գործարքն ի վերջո իրականություն դառնա․ ապա դրանից հետո բոլոր տեսակի ռիսկերը դրվում են նաև ՀՀ բոլոր քաղաքացիների ուսերին։ Այնպես, որ սա դառնում է, ոչ միայն տեղացիների կամ բնապահպանների խնդիրը, այլ արդեն բոլորի», – հայտարարություն է տարածել նախաձեռնությունը։