Թեև Ջերմուկ քաղաքի մոտակայքում հանքի բացումը առկախվել է, առողջարանային տուրիզմը չի զարգանում։ Ամուլսարի շահագործմանը դեմ էին տեղի բնակիչները. նրանք վախենում էին, որ ոսկու հանքը կազդի հանքային ջրի և առողջարանային կենտրոնի համբավի վրա։ Այժմ «Լիդիան» ընկերությունը հայտարարել է, որ սնանկ է, և պարզ չէ՝ կվերադառնա հանքի բացմանը, թե ոչ։
«Ինձ մի հարց է հետաքրքիր՝ հանքը չեղավ մեր պայքարի շնորհի՞վ, թե՞ այլ պատճառներով», – Ջերմուկ եկած լրագրողների խմբին հարցնում է Դավիթը, որը շուրջ մեկ տարի հանքի դեմ նստացույցի է մասնակցել։
Քաղաքում տուրիստական բիզնեսի վատթարացումն այլ պատճառներ էլ ունի։ Զբոսավարները տուրիստների շուրջ 60 տոկոսանոց կրճատումը բացատրում են Ռուսաստանում տնտեսական և պատերազմական վիճակով․ ՌԴ-ից էին Ջերմուկում հանգստացող օտարերկրացիների մեծ մասը։ Երևանցիներն էլ չեն գալիս՝ ինչ 2021 թվականին ադրբեջանական բանակը մոտեցել է Ջերմուկի մատույցներին։
Եթե Ջերմուկում առողջարանային ինֆրաստրուկտուրան մրցունակ էր 90-ականներին, ապա այժմ ավելի լավ հյուրանոցներ և ռեստորաններ են բացվել Դիլիջանում, Սևանում, դեպի Վրաստան միջպետական ճանապահի այլ հանգստյան գոտիներում։ Տուրիստների մեծ մասը նախընտրում են գնալ այդ ուղղությամբ, քան հատուկ հասնել փակուղային բնակավայր։
Հանքի ու տուրիզմի չստացվելուց հետո տեղացիներից շատերն անցել են գյուղատնտեսական փորձարարությունների․ տարածքի մեծ մասը կավահող է, քարքարոտ կամ նախկինում օգտագործվել է որպես վարելահող։ Ջերմուկցի գործարարները հիմա անհատական ներդրումներով կամ ֆոնդերի աջակցությամբ այդ հողը պարարտացնում են և ոռոգման համակարգեր կառուցում։ Այնտեղ տնկում են մրգատու այգիներ։