Home / Համայնքներ / Վարորդների վրա նոր գործ են դնում և լարում ժողովրդի դեմ․ բողոքի ակցիա

Վարորդների վրա նոր գործ են դնում և լարում ժողովրդի դեմ․ բողոքի ակցիա

Հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարող «Չենք վճարելու» նախաձեռնության անդամներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են արել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիմաց։ Նրանք ընկերությանը և քաղաքային իշխանություններին մեղադրում են ավտոբուսի վարորդներին ապօրինի հրահանգներ տալու և վարորդներին ու ուղևորներին միմյանց դեմ հանելու մեջ։

Օրեր առաջ համացանցում տարածված մի ձայնագրությունում անհայտ անձինք ավտոբուսների վարորդներին հրահանգում են չվարել տրանսպորտը, եթե ուղևորները չեն վճարել ու ստուգել կտրոնները: Իսկ չվճարող երիտասարդներին անվանում են «թուլա» ու «լակոտ»:

Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ վարորդների աշխատանքային պայմանագրերում չվճարողներին իջեցնելու, ներս չթողնելու կամ էլ այդ պատճառով վարելուց հրաժարվելու մասին որևէ պայման չկա: Վարորդները իրավունք ունեն միայն անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել, որ ուղեվարձը վճարեն օրենսդրությամբ սահմանված կարգով, չթույլատրել ուղեվարձի առձեռն վճարում։

Հանրային տրանսպորտի թանկացումից հետո որոշ խմբեր սկսել են բոյկոտել նոր տոմսային համակարգը վճարելով նախկին 100 դրամը կամ առհասարկ չվճարելով։ Այս ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ վարորդները չեն վարել ավտոբուսը, անգամ ուղևորներին իջեցրել են չվճարելու համար։ Եղել են նաև բախումներ ուղևորների և վարորդների միջև։ Քաղաքային իշխանություններն ու ՓԲԸ-ն պնդում էին, որ որևէ նման հրահանգ չի տրվել։ Ձայնագրության տարածումից հետո, սակայն, «Երևանի ավտոբուս»-ի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ տեսել է ձայնագրությունները, բայց չի մեկնաբանի դրանք։

«Նրանք վարորդներին հանում են ժողովրդի դեմ», – նկատել է ցույցի մասնակիցներից մեկը։

«Չենք վճարելու» նախաձեռնության անդամ Յուրի Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց նախաձեռնությունը Քաղաքապետարանից և ընկերությունից պահանջում է, որ ներողություն խնդրեն քաղաքացիների, ուղևորների նկատմամբ հնչած վիրավորանքների, ինչպես նաև վարորդներին ճնշելու համար։

«Մեր պահանջները հստակ են՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր հրահանգել են, որ նման կոչեր ուղղվեն վարորդներին և այն մարդիկ, ովքեր վիրավորում էին քաղաքացիներին», – ասել է Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ ավտոբուսի վարորդների գործը բարդացել է բոյկոտի պայմաններում, նրանց եկամուտները՝ քչացել տոմսային համակարգը փոխելու պատճառով։ Այնուհանդերձ, քաղաքային իշխանություննրը հրաժարվում են բարձրացնել վարորդների աշխատավարձը։

Ակցիայի ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակիցը բողոքավորներին հայտնել է, որ ընկերությունում այս պահին ոչ ոք չկա։ Մեկ ժամ սպասելուց հետո բողոքի ցույցն ավարտվել է։