Home / Հայաստան / Օջալանը առաջարկում է ավարտել․ մարքսիզմ-լենինիզմից մինչև զինաթափում

Օջալանը առաջարկում է ավարտել․ մարքսիզմ-լենինիզմից մինչև զինաթափում

Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ (Ապո) Օջալանը բանտից ուղերձ է հղել իր աջակիցներին և հորդորել վայր դնել զենքերը, դադարեցնել զինված պայքարն ընդդեմ թուրքական պետության։

Սա կարող է առաջին քայլը դառնալ Մերձավոր Արևելքի ամենաբարդ հակամարտություններից մեկն ավարտելու համար՝ գրում է BBC-ի թղթակից Գրիգոր Աթանեսյանը։ Եթե Օջալանի կուսակիցները հետևեն նրա կոչին, իրավիճակը Թուրքիայում, Սիրիայում և Իրաքում ամբողջությամբ փոխվելու է։

PKK-ի գործադիր կոմիտեի անդամ Մուրատ Կարայըլանը արդեն հայտարարել է, որ կուսակցության զինյալները վայր չեն դնի զենքերը, քանի դեռ իրենց առաջնորդին չեն ազատել բանտից։ Զինաթափումը քննարկելուց առաջ, ըստ նրա, անհրաժեշտ է հասնել երկկողմանի հրադադարի։

photo_2025-02-27_17-55-14
Օջալանի առաջին նկարը երկար տարիների ընթացքում․ քուրդ քաղաքական գործիչների հետ միասին նա ընթերցում է իր կոչը

Փետրվարի 27-ին քրդամետ Ժողովուրդների հավասարության և դեմոկրատիայի (DEM) կուսակցության ներկայացուցիչները տեսակցել են ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանին, որից երկար տարիներ ոչ մի լուր չկա։ Հենց նրանք էլ կարդացել են Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդի կոչը։ 

2024 թվականի հոկտեմբերին Թուրքիայի պատգամավոր, ուլտրաաջ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, Ռեջեփ Թայիփ էրդողանի աջակից Դևլեթ Բախչելին մոտեցել է DEM կուսակցության խորհրդարանականներին և սեղմել նրանց ձեռքը։ Նա առաջարկել է, որ Օջալանը ելույթ ունենա Ազգային մեծ ժողովում, ազդարարի «ահաբեկչության ավարտն» ու լուծարի սեփական կուսակցությունը։ Դրանից հետո նրան, ըստ Բախչելիի, կարող են և ազատ արձակել։

Անմիջապես հետո Օջալանի զարմիկին թույլ են տվել այցելել նրան Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտում։ Քուրդ առաջնորդը հակամարտությունն ավարտելու պատրաստակամություն է հայտնել, ինչից հետո նրան այցելելու են գնացել նաև քուրդ պատգամավորները։ Նրանք հաստատել են՝ Օջալանը կհամաձայնի PKK-ի լուծարմանը Թուրքիայում քաղաքական բարեփոխումների դիմաց։

75-ամյա Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է թուրքական հետախուզական ծառայությունների կողմից 1999 թվականին՝ Քենիայում, ուր փախել էր Սիրիայից։ Անկարայի ճնշման ներքո Հաֆեզ ալ-Ասադի ռեժիմը հրաժարվել էր ապաստան տրամադրել նրան։ Անցած 25 տարիների ընթացքում և՛ թուրքական պետությունը, և՛ քրդական խմբերը փոխել են իրենց դիրքորոշումները, բայց մինչև հիմա չեն կարողացել կարգավորել հակամարտությունը։

մարքսիզմ-լենինիզմից մինչև անարխիստական ուտոպիաներ

Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) հիմնադրվել է 1970-ականներին, երբ ազգային ազատագրական շարժումները նոր զարթոնք էին ապրում։ Օջալանի հիմնած հեղափոխական խմբավորումը տարված էր մարքսիստական և լենինիստական գաղափարներով։ Հետագայում կուսակցության և դրա առաջնորդի գաղափարները ձևափոխվել են՝ լենինիզմից մինչև անարխիզմ և լիբերտար սոցիալիզմ։ Օջալանը ազդված էր, օրինակ, ամերիկացի փիլիսոփա Մյուրեյ Բուկչինի աշխատություններից։ 

Ի սկզբանե Քրդական աշխատավորական կուսակցությունը զինված պայքար էր տանում ժամանակակից Թուրքիայի տարածքում անկախ քրդական պետություն ստեղծելու համար։

Թուրքական հանրապետության հիմնադրումից մինչև 1990-ականների սկիզբ քրդական ինքնությունը մերժվել է, քրդերենի ուսումնասիրությունը և կիրառությունը՝ սահմանափակվել։ Քրդերին անվանում էին «լեռնային թուրքեր», թեև նրանք թյուրքական էթնոխմբին չեն պատկանում։ Քրդերը հարյուրամյակներով ապրել են ժամանակից Իրաքի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի տարածքներում, որոնք իրենք անվանում են Քուրդիստան։ Թուրքիայում, ըստ միջինացված հաշվարկների, 14 միլիոն քուրդ է ապրում։ Տարածաշրջանի քրդական բնակչությունը գերազանցում է 30 միլիոնը։ Քրդերը Մերձավոր Արևելքի՝ պետություն չունեցող ամենամեծ ժողովուրդն են։

PKK-ն՝ որպես քրդական ազգային ազատագրական շարժման ամենառադիկալ թևերից մեկը, ահաբեկչական է հռչակվել ոչ միայն Անկարայի, այլև նրա արևմտյան դաշնակիցների՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և մի շարք եվրոպական երկրների կողմից։ Ընդհանուր առմամբ, PKK-ի և թուրքական պետության հակամարտությունում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել։ Թուրքիայի քրդաբնակ շրջաններն առ այսօր էլ ամենաաղքատն են համարվում։

Էրդողանի ձնհալը

2005 թվականը շրջադարձային էր երկու երկրների հարաբերությունների համար․ Թուրքիայի նորընտիր վարչապետ Էրդողանը ժամանել էր քրդաբնակ Դիարբեքիր, ելույթ ունեցել և ընդունել, որ թուրքական հանրապետությունը սխալներ է գործել քրդական հարցում։ Քրդական համայնքները ողջունել էին նրա ելույթը, ինչից հետո քաղաքական սահմանափակումների մի մասը վերացվել էր։ Էրդողանի օրոք քրդերենի բաժիններ են ստեղծվել համալսարաններում, հիմնադրվել են քրդալեզու ԶԼՄ-ներ։ Կառավարության հետքայլերը փորձագետները պայմանավորում էին նրանով, որ Եվրամիությունը Թուրքիային թեկնածու պետության կարգավիճակ էր տվել՝ նախօրոք պահանջելով փոխզիջումների գնալ քրդական հարցում։

Հետագա տարիների ընթացքում մեղմվել է նաև PKK-ի դիրքորոշումը․ կուսակցության ներսում հընթացս տարբեր թևեր են ձևավորվել, Օջալանն ու նրա թիմակիցները հրաժարվել են անկախության գաղափարից հօգուտ քրդական ինքնավարության և Թուրքիայի «ժողովրդավարական փոխակերպման»։

նորմալիզացիայի տապալված փորձեր

Բայց հաշտեցումն այդպես էլ չի կայացել։ 2009-2011 թվականներին Օսլոյում բանակցություններ էին ընթանում Թուրքիայի և Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների միջև։ Բռնությունների հերթական ալիքի ֆոնին դրանք փաստացի տապալվեցին։

2013-ին Օջալանը հայտարարեց, որ PKK-ն դադարեցնում է կրակը։ Եվ կողմերը վերադարձան բանակցությունների սեղան։ Մշակվեցին խաղաղ կարգավորման սկզբունքներ, որոնք հայտնի են որպես «Դոլմաբահչեի կոնսենսուս»։ 2015-ին Օջալանը հանդես եկավ նոր կոչով՝ հրաժարվել զինված պայքարից։

Բայց Էրդողանն անսպասելիորեն դուրս եկավ բանակցություններից։ Դիվանագիտության ավարտը հանգեցրեց նոր բախումների։ 2016-ին ձերբակալեցին Սելահաթին Դեմիրթաշին՝ Թուրքիայի խորհրդարանի ազդեցիկ քրդամետ կուսակցության համահիմնադրին։ Նա մինչև հիմա էլ ճաղերի հետևում է։ 

Թուրքիայի իշխանությունները հետագայում հազարավոր քրեական գործեր են հարուցել նաև լրագրողների, դասախոսների, ընդդիմության առաջնորդների, ակտիվիստների, մշակութային գործիչների դեմ։

Օրենքից դուրս էին հայտարարվում նաև չափավոր քրդամետ ուժերը։ ՏԻՄ ընտրություններում հաղթած քրդական կուսակցությունների ներկայացուցիչները հաճախ պաշտոնանկ են արվում Էրդողանի կառավարության կողմից և կամայականորեն փոխարինվում կենտրոնական իշխանության ներկայացուցիչներով։ Հենց փետրվարին Վան մունիցիպալիտետի քուրդ քաղաքապետը հեռացվել է պաշտոնից ուղիղ Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ։

մեծ հույսեր չկան

Ի տարբերություն նախորդ բանակցությունների՝ Կառավարության աջակիցները, որոնք մասնակցում են քրդամետ պատգամավորների հետ երկխոսությանը, հիմիկվա գործընթացը ներկայացնում են որպես «ահաբեկչության ավարտ», այսինքն՝ PKK-ի միակողմանի զինաթափում, այլ ոչ թե փոխզիջումներ։ Թե ինչ է խոստացել Թուրքիան Օջալանի կոչի դիմաց՝ պաշտոնապես չի ասվում։

Ու թեև ընթացիկ մեղմացումը հուսադրող է Թուրքիայի քրդերի համար, անցյալի ձախողված նախաձեռնությունների ֆոնին լավատեսությունը մեծ չէ՝ BBC-ին ասել է դիարբեքիրցի լրագրող Միր Ալի Քոչերը․

«Քուրդ հասարակությունը պետությունից ակնկալում է կոնֆլիկտի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Քրդերի կողմից ես տեսնում եմ զգուշավորություն, բայց նաև հակամարտությունը կարգավորելու ցանկություն»։

ի՞նչ է լինելու Սիրիայի քրդական ինքնավարության հետ

Բայց խնդիրը միայն Թուրքիան չէ։ PKK-ն գործում է նաև հարևան Սիրիայում։ Քրդերը զգալի տարածքներ են վերահսկում Սիրիայի հյուսիս-արևելքում։ Քրդական ուժերը գերակշռում են նաև «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայում (SDF)։ Թուրքական բանակը անցած տարիների ընթացքում բազմաթիվ ռազմական օպերացիաներ է արել ընդդեմ սիրիական քրդերի՝ հիմնավորելով դրանք PKK-ի հետ նրանց սերտ կապերով։ Նրանց փաստացի ինքնավարությունը Սիրիայում անընդունելի է ոչ միայն Անկարայի, այլև Բաշար ալ-Ասադի տապալված ռեժիմի և Դամասկոսի նոր կառավարության համար։

Թուրքական բանակը մինչև հիմա էլ օկուպացիա տակ է պահում Սիրիայի հարավային տարածքները։ Թուրքերի և Սիրիայի քրդական ուժերի միջև լայնածավալ հակամարտությունը այժմ կանխում է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորախումբը։ Միացյալ Նահանգները և Սիրիայի դեմոկրատական ուժերը դաշնակցում են Իսլամական պետության դեմ պայքարում։ Այստեղ դիտորդական հենակետեր ուներ նաև Ռուսաստանը, բայց Ասադի ռեժիմի տապալումից հետո (2024-ի դեկտեմբեր) ռուսները լքել են ռեգիոնը։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Անկարան պատրաստ է վերանայել Սիրիայի հյուսիս-արևելքում իր ռազմական ներկայությունը, եթե Քրդական աշխատավորական կուսակցությունն այնտեղ լիկվիդացվի։

«Եթե PKK-ն վայր դնի զենքերը, դա թույլ կտա Սիրիայի հյուսիս-արևելքի տարբեր քրդական դերակատարներին որոշակի մերձեցման հասնել, ինչն էլ, գուցե, նպաստի Դամասկոսի հետ գործարքի կնքմանը», – BBC-ի հետ զրույցում բացատրել է փորձագետ Ալեքս ՄաքՔիվերը։

Այստեղ դերակատարություն ունի նաև Իրաքի կազմում գտնվող Քուրդիստանի ինքնավար շրջանը, որի ղեկավարությունը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Թուրքական զինված ուժերը պարբերաբար ռազմական օպերացիաներ են անում շրջանի հարավային լեռներում տեղակայված PKK-ի խմբավորումների դեմ։

տե՛ս Քուրդիստանի «անհետաքրքիր» պատերազմը․ օրագիր

Փետրվարին DEM կուսակցության պատվիրակությունը ժամանել էր Իրաքի ինքնավար քրդական շրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու Մասուդ Բարզանիի՝ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարի հետ, որի եղբայրը շրջանի նախագահ է աշխատում, իսկ որդին՝ վարչապետ։

Պատվիրակները Թուրքիայի հետ համաձայնության եկած Բարզանիին փոխանցել են Օջալանի ուղերձը, Բարզանին իր աջակցությունն է հայտնել «խաղաղ գործընթացին» և առաջարկել իր օգնությունը։ 

PKK-ի գործադիր կոմիտեի անդամ Մուրատ Քարայըլանը, ամեն դեպքում, հայտարարել է, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը զենքերը վայր չի դնի այնքան ժամանակ, քանի դեռ Օջալանն անազատության մեջ է։