Օջալանը առաջարկում է ավարտել․ մարքսիզմ-լենինիզմից մինչև զինաթափում
Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ (Ապո) Օջալանը բանտից ուղերձ է հղել իր աջակիցներին և հորդորել վայր դնել զենքերը, դադարեցնել զինված պայքարն ընդդեմ թուրքական պետության։
Սա կարող է առաջին քայլը դառնալ Մերձավոր Արևելքի ամենաբարդ հակամարտություններից մեկն ավարտելու համար՝ գրում է BBC-ի թղթակից Գրիգոր Աթանեսյանը։ Եթե Օջալանի կուսակիցները հետևեն նրա կոչին, իրավիճակը Թուրքիայում, Սիրիայում և Իրաքում ամբողջությամբ փոխվելու է։
PKK-ի գործադիր կոմիտեի անդամ Մուրատ Կարայըլանը արդեն հայտարարել է, որ կուսակցության զինյալները վայր չեն դնի զենքերը, քանի դեռ իրենց առաջնորդին չեն ազատել բանտից։ Զինաթափումը քննարկելուց առաջ, ըստ նրա, անհրաժեշտ է հասնել երկկողմանի հրադադարի։
թարմացում (մարտի 1) — Մարտի 1-ին PKK-ն միակողմանի զինադադար է հայտարարել․ «Քանի դեռ մեզ վրա չեն հարձակվել, մեր ստորաբաժանումներից ոչ մեկը զինված գործողությունների չի դիմելու։ Զինաթափումը հնարավոր է միայն առաջնորդ Ապոյի (քրդերը Օջալանին փաղաքշանքով «Ապո» են դիմում - խմբ․) պրակտիկ ղեկավարությամբ»:
Օջալանի առաջին նկարը երկար տարիների ընթացքում․ քուրդ քաղաքական գործիչների հետ միասին նա ընթերցում է իր կոչը
տե՛ս Քուրդիստանի «անհետաքրքիր» պատերազմը․ օրագիր
Փետրվարին DEM կուսակցության պատվիրակությունը ժամանել էր Իրաքի ինքնավար քրդական շրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու Մասուդ Բարզանիի՝ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարի հետ, որի եղբայրը շրջանի նախագահ է աշխատում, իսկ որդին՝ վարչապետ։ Պատվիրակները Թուրքիայի հետ համաձայնության եկած Բարզանիին փոխանցել են Օջալանի ուղերձը, Բարզանին իր աջակցությունն է հայտնել «խաղաղ գործընթացին» և առաջարկել իր օգնությունը։ PKK-ի գործադիր կոմիտեի անդամ Մուրատ Քարայըլանը, ամեն դեպքում, հայտարարել է, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը զենքերը վայր չի դնի այնքան ժամանակ, քանի դեռ Օջալանն անազատության մեջ է։