Home / Խմբագրի ընտրություն / Եզդիներին նոր ցեղասպանություն է սպառնում․ ահազանգում են Երևանում

Եզդիներին նոր ցեղասպանություն է սպառնում․ ահազանգում են Երևանում

Իրաքի Սինջար փախստականների ճամբարում խուճապային տրամադրություններ են, եզդիները վախենում են, որ իսլամիստները նորից կհարձակվեն իրենց վրա՝ Epress.am-ին պատմել է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Համլետ Սմոյանը։

Օգոստոսի 13-ին եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցն էր։ Իրաքի եզդի հրամանատարներից մեկն, ըստ Սմոյանի, իր ելույթում խոսել է իսլամի մասին, ասել է՝ քանի դեռ եզդիներին կոտորում են Ալլահի անունով, նրանց գլխին միշտ վտանգ է կախված։ Սուննի և շիա հոգևորական առաջնորդները սա որպես հակամահմեդական հայտարարություն են ներկայացրել, սկսել են եզդիների նկատմամբ բռնության կոչեր տարածել։ «Հայտարարում էին, որ եզդիներին պետք է ոչնչացնել, քանի որ նրանք մեր կրոնի թշնամիներն են», – ասել է Սմոյանը։

 

Այս ամենն, ըստ եզդի ակտիվիստի, տեղի է ունենում Բաղդադի լուռ համաձայնության ներքո։ Իրաքի իշխանություններն ուզում են փակել եզդի փախստականների ճամբարները։ Մարդիկ գնալու տեղ չունեն․ «Հայտարարվել է, որ հուլիսի 30-ին ճամբարները պետք է փակված լինեն, երկարացնելու որոշում չկա»։

Սինջարի փախստականների ճամբարում ապրում են ցեղասպանությունը վերապրած շուրջ 200 հազար եզդիներ։ Տեղում գրասենյակներ կային, որոնք օգնում էին տեղահանվածներին։ Այդ գրասենյակներն, ըստ Սմոյանի, ևս փակել են։ Վերջին իրադարձություններից հետո վրանային ճամբարներում վախի մթնոլորտ է տարածվել, ժողովուրդն ինքնուրույն հավաքում է ճամպրուկներն ու փախչում այնտեղից։

«ՄԱԿ-ն այնտեղ խաղաղապահ առաքելություն ուներ, որն ավարտվել է այս տարվա հուլիսին։ Ամերիկյան զորքերի տեղակայման ժամկետը նույնպես լրացել է։ Իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում երկարաձգել այդ առաքելությունները», – պատմել է հայաստանյան ՀԿ-ի նախագահը։

Սա առաջին նման դեպքը չէ։ Ատելության և բռնության կոչեր, ըստ Սմոյանի, անցած տարի էլ են եղել, բանը հասել է նրան, որ տեղի մահմեդականները քարերով հարվածել են եզդիական տաճարներին։ Հիմա, երբ փախստականներին քշում են ճամբարներից և վերացնում միջազգային երաշխիքները, իրավիճակը կարող է ավելի սրվել։

Սմոյանն այսօր ասուլիս էր հրավիրել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի առջև և «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության անունից նամակ հանձնել ՄԱԿ-ի գրասենյակին։ Նամակում եզդի ակտիվիստները կոչ են անում միջազգային կազմակերպությանը դատապարտել տեղի ունեցողը և միջոցներ ձեռնարկել՝ նոր ջարդերն ու ցեղասպանությունները կանխելու համար։