Արմավիրի դատախազությունը և Քննչական կոմիտեի մարզային վարչությունը կոծկում են խոշոր չափի խարդախության գործը, ահազանգում է խաբեության զոհ դարձած Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանը։
2021 թվականի հոկտեմբերին Ավդոյանը 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է տվել Իրանի քաղաքցի Ղասեմ Աբդուլահ Նեժադին, որը պարտավորվել է մի քանի օրից հորթերի դիմաց 30 միլիոն դրամ վճարել։ Իրանցին անընդհատ հետաձգել է գումարի փոխանցումը և, ըստ Ավդոյանի, կեղծելով առքուվաճառքի պայմանագիրը և կարանտինի թղթերը, արտահանել է կենդանիներին։
2022 թվականի ապրիլին եզդի ֆերմերը դիմել է Արմավիրի ոստիկանություն։ Իրանի քաղաքացուն բերման են ենթարկել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Չնայած նրան, որ էքսպերտիզան ապացուցել է Ավդոյանի ստորագրության և կարանտինի թղթերի կեղծումը, գործ է հարուցվել միայն «խոշոր չափի խարդախություն» հոդվածով։
Ըստ տուժողի՝ մոտ մեկ ամիս առաջ, երբ գործը պետք է ուղարկվեր դատարան, քննիչը և դատախազը սկսեցին ձգձգել գործընթացը։
«Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ (վերջերս նշանակվել է Էջմիածնի քննչականի պետի տեղակալ) Արամ Ղուկասյանը ասում է, որ գործը Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի մոտ է։ Դատախազն ասում է, որ գործը Արամի մոտ է։ Փաստացի գործը կոծկում են։ Մի ամիս է ասում են, որ էս երկու օրը պիտի ուղարկեն դատարան», – Epress.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է Միլազմ Ավդոյանը։