Կառավարության շենքի դիմաց արդեն երրորդ օրն է՝ նստացույց է․ վարչապետի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանի (անձնագրային անունը՝ Ազգուշ Մարտիրոսյան) աջակիցները, որոնց շարքում են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, պահանջում են ազատ արձակել որդեկորույս ընդդիմադիր կնոջը։
Բողոքի ակցիային զուգահեռ Կառավարությունում ընթանում էր վարչապետի մամուլի ասուլիսը։ Հարցերի մի մասը նվիրված էին «առևանգման փորձին»։
«տղայական հարթություն», «ադրբեջանական բեկոր» և այլն
Աշոտը հավատում է, որ Հայաստանում խնդիրները իրավական ճանապարհով պետք է լուծվեն՝ հայտարարեց Փաշինյանը։ Ուստի՝ հաղորդումը հետ վերցնելու հորդորներ անել ինքը չի կարող։ Գործով պետք է զբաղվեն իրավապահները։ Եթե չկա հանցակազմ, թող կարճեն, եթե կա, թող նախաքննությունը ավարտեն, ուղարկեն դատարան։ «Էլի ուզում եք հարցերը տեղափոխեք տղայական հարթությո՞ւն»։
Ինչո՞ւ զոհված զինվորի մայրը չի կարող ազատության մեջ սպասել նախաքննությանն ու դատավճռին՝ Փաշինյանը չպատասխանեց։ Փոխարենը ընթերցեց քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը՝ պատժամիջոցներով հանդերձ, հիշեցրեց, որ իր որդին էլ է պատերազմին մասնակցել, վերջում հրետոռական հարցեր տվեց՝ «Աշոտին չդիպած ադրբեջանական բեկո՞րն է որոշել, որ նա հերոս չէ, այլ մարդ է, որի հետ կարելի է այդպես վարվել», «առևանգելու միջադեպի մեջ ներգրավված մարդիկ ադրբեջանական բեկորի անկատար գործն են ուզո՞ւմ ավարտին հասցնել» և այլն։
գիշերելու ենք Փաշինյանի աշխատավայրի դիմաց
Քանի դեռ Գայանեն բանտում է, մենք շարունակելու ենք գիշերել Փաշինյանի աշխատավայրի դիմաց՝ հայտարարել են Կառավարության մոտ հավաքված մարդիկ։ Նստացույցը շուրջօրյա է և անժամկետ։
Ցուցարարները պնդոմ են, որ քրեական գործը շինծու է, «Որդիների կանչ» ընդդիմադիր ՀԿ-ի անդամները Փաշինյանի որդուն չեն առևանգել, Գայանե Հակոբյանն էլ ընդամենը «ուզեցել է Աշոտի հետ տղամարդավարի խոսել», տանել նրան «Եռաբլուր»։
Աշոտ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ այս ընթացքում չի արել։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ Շենգավիթի վարչական դատարանի մոտ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները նկատել են իրեն, մոտեցել և առաջարկել զրուցել, ինքն էլ համաձայնել է և նստել Գայանե Հակոբյանի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում կինը խոսել է պատերազմից և սկսել է քշել։ Փաշինյանը պահանջել է կանգնեցնել մեքենան, Հակոբյանը պատասխանել է, թե իր տղային առանց իրեն հարցնելու են տարել, ինքը կորցնելու ոչինչ չունի, ուստի՝ առանց հարցնելու նրան էլ կտանի «Եռաբլուր»։ Փաշինյանը ընթացքի ժամանակ դուրս է նետվել մեքենայից, վայրկյաններ անց՝ վրաերթի երթևեկվել հետևից երթևեկող սպիտակ «Տոյոտայի» կողմից։ «Հայկական ժամանակն» էլ տեսանյութ է հրապարակել, որում երևում է մեքենայից դուրս նետվելու և վրաերթի ենթարկվելու պահը։
տե՛ս Աշոտ Փաշինյանի առեւանգումը հրավեր էր Եռաբլուր
«Ինքը ներողություն է խնդրել իրա ծնողների արածների համար, ասել է՝ ես չեմ կարող ոչ մի բան իրանց փոխարեն ասել, անհարմար եմ ինձ զգում էս ամեն ինչի համար։ Ասել է, թե ծնողների հետ կապ չունի։ Բայց լա՜վ էլ կապ ունի։ Սա միտումնավոր արարք էր», – պատմել է «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Աստղիկ Գալեյանը՝ Գարիկ Գալեյանի կինը։ Չնայած Փաշինյանի բնակարանը Շենգավիթի դատարանի մոտ է գտնվում, նա վստահ է, որ Աշոտը հատուկ էր այնտեղ գնացել՝ ուզուցել էր սադրել իրենց։
Գայանե Հակոբյանի աջակիցները այժմ հայտարարում են, թե նա «բանտում է գտնվում իր քաղաքական հայացքների համար»։
Քաջոն համաձայն չէ՛
Մինչ Նիկոլ Փաշինյանն խոսում էր «օրենքի երկիր» Հայաստանի մասին, հայտնի դարձավ, որ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի որդին, որը օրեր առաջ ծեծել էր Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն, ազատ է արձակվել։
տե՛ս Քաղաքապետ պապայի խաթեր ծեծել է գյուղապետի ամուսնուն
Չնայած Քաջայր Նիկողոսյանի որդին խոստովանել էր, որ [համայնքապետ հորն] ընդդիմացած վարչական ղեկավարի ամուսնուն հենց ի՛նքն է ծեծել, քրեական հետապնդում նրա նկատմամբ չի հարուցել։ «Տեսախցիկներ չկան», ականատեսները «ցուցմունք չեն տալիս», ծեծվածը պնդում է, թե ծեծողներին չի տեսել, «կասկածներ չունի»։
«Լսեցի Փաշինյանի ամբողջ ասուլիսը հույսով, որ ինչ-որ մեկը հարց կտա էս մասին։ Գոնե կհիշեցնի, որ Աշոտը կարող ա օրենքի երկիրը լուրջ ա ընդունել, բայց այ Քաջոն՝ չէ», – ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանը։
Ընտրովի արդարադատության մասին ասուլիսի ժամանակ հարց, ամեն դեպքում, հնչել է։ Վարչապետը դրան ըստ էության չպատասխանեց։