Քաղաքապետ պապայի խաթեր ծեծել է գյուղապետի ամուսնուն
Սպիտակ համայնքապետի որդի Գոռ Նիկողոսյանը խոստովանել է, որ երեկ երեկոյան ծեծել է Սպիտակի բնակավայրերից մեկի՝ Սարամեջ գյուղի վարչական ղեկավարի ամուսնուն՝ Էդգար Հովհաննիսյանին։ Նա ձերբակալված է։
Ավելի վաղ Հովհաննիսյանը վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց։ Նրա մոտ գլխուղեղի ցնցում և փափուկ հյուսվածքների բազմաթիվ սալջարդներ են ախտորոշել, սկզբում դուրս են գրել, հետո՝ շտապօգնության մեքենայով հոսպիտալիզացրել։
Տուժածը ու նրա կինը՝ Սարալանջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը, անուններ չեն տվել և չեն պատմել, թե ով կամ ովքեր են եղել ծեծողները, ինչ է առհասարակ տեղի ունեցել։ Նրանք «կասկածներ ընդհանրապես չունեն»։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, համայնքապետի որդուց բացի ծեծկռտուքին նաև մի խումբ երիտասարդներ են մասնակցել, վիճաբանությունն էլ բավականին երկար է տևել։ Ենթադրվում է, որ պատճառը Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի և Սարամեջի վարչական ղեկավարի միջև կոնֆլիկտն է։ Վերջինս ավելի վաղ հայտարարում էր, թե համայնքապետը ստիպում է իրեն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։
Կոնֆլիկտի բովանդակությունը հայտնի չէ։ Քաջայր Նիկողոսյանը 2021-ին ընտրվել է Սպիտակի համայնքապետ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Երեկ ծեծի ենթարկված Էդգար Հովհաննիսյանը նրա թիմակիցներից էր, խոշորացումից առաջ նշանակվել էր Սարամեջի գյուղապետի պաշտոնակատար։ Բայց 2021-ի ՏԻՄ ընտրություններից հետո Նիկողոսյանը գյուղի վարչական ղեկավար է նշանակել նրա կնոջը՝ Թամարա Մինասյանին։
Թե ինչ է հետագայում պատահել, պարզ չէ։ Սպիտակի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արդեն տևական ժամանակ պառակտված է, 18 ավագանիների մի մասը նիստերն առհասարակ բոյկոտում է։ Բոյկոտողների մեջ է նաև ավագանու ՔՊ խմբակցության արդեն նախկին ղեկեվար Համլետ Մազմանյանը, որը վերջերս հեռացվել է ՔՊ-ից։ Մազմանյանին մեղադրել են իշխանության մեծամասնական թիմը պարալիզացնելու մեջ։
Համայնքի ղեկավարի և վարչական ղեկավարի կոնֆլիկտի ֆոնին մի քանի օր առաջ մամուլում սկսեցին գրել, թե սարալանջցիները բողոքում են համայնքների խոշորացումից, ասում են՝ իրենց գյուղը անտեսված է ապրում, գումարը կրճատել են, ոչ մանկապարտեզ են սարքում, ոչ ոռոգման ջրի խնդիրն են լուծում։ Երկու օր առաջ համայնքապետ Նիկողոսյանը՝ աշխատակիցների և մի խումբ երիտասարդների հետ, որոնց մեջ էր նաև նրա որդին, այցելել են Սարամեջ՝ լարվածությունը մեղմելու։ Այցը հակառակ արդյունքն է տվել։ Գյուղացիների հետ հանդիպումը վերածվել էր լեզվակռվի։