Մայիսի 18-ին գրեթե ամբողջ օրը Ղարաբաղում մասնակի արգելափակված էին Ֆեյսբուք, Վոթսափ և Ինստագրամ սոցիալական ցանցերը։
Ամենախոշոր օպերատորի՝ «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդների համար META կազմակերպության կայքերը և հավելվածները անհասանելի էին: «Արցախկապի» բաժանորդները նման խնդիր չունեին։
Այսօր առավոտյան կապը ամբողջությամբ վերականգնվել է։
Ո՞նց է ստացվել, որ մի օպերատորի մոտ սոցցանցերը բաց էին, մյուսի մոտ՝ փակ։ «Ղարաբաղ Տելեկոմից» արդարանում են՝ խափանումը «մատակարարի կողմից ի հայտ եկած բացառապես տեխնիկական խնդրի պատճառով» է եղել։ Մատակարարը՝ կապի տրամադրողը, ի դեպ, նույնն է թե՛ Արցախկապի, թե՛ Ղարաբաղ Տելեկոմի և թե՛ հայաստանյան օպերատորների մոտ։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանում է․ «Պորտերի մի մասը դեպի Ֆեյսբուք փակված էր, մյուս մասը՝ բաց, Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդները կարողանում են Ֆեյսբուքի սերվերին կպնել, բայց երբ արդեն պետք է Ֆեյսբուքի սերվերից կպնի բաժանորդներին, այդ մասում արգելանք կար»։
Պապյանը տարօրինակ է համարում նաև այն, որ արգելափակվել են միայն META ընկերության հավելվածները։ Միևնույն ժամանակ նշում է, թե արգելափակումը կարող էր լինել տեխնիկական խնդիրի հետևանքով կամ դիտավորությամբ։
Որոշ օգտատերեր գրում էին, որ երեկ ինչ-որ պահի անհասանելի է եղել նաև Twitter-ը և հիշեցնում՝ սա առաջին անգամը չէ, «սենց բան մեկ էլ մի անգամ էր եղել վերջերս, երբ պետնախարարի փոփոխությունն էր նախապատրաստվում»։