«Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը, որը մեղադրվում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի համար, մեկ ամսով կալանավորվել է։
Հակոբյանը ձերբակալվել է երեք օր առաջ՝ մայիսի 17-ին։ ՁՊՎ-ում նա հացադուլ է հայտարարել։ Կինը պնդում է, թե Փաշինյանի որդուն առևանգելու մտադրություն չի ունեցել։
Փաշինյանը հրապարակային հայտարարություններ չի արել։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ Շենգավիթի վարչական դատարանի մոտ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները նկատել են վարչապետի որդուն, մոտեցել և առաջարկել զրուցել։ Փաշինյանը համաձայնել է և նստել Գայանե Հակոբյանի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում կինը խոսել է պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից և սկսել է քշել։ Փաշինյանը պահանջել է կանգնեցնել մեքենան, Հակոբյանը պատասխանել է, թե իր տղային առանց իրեն հարցնելու են տարել, ինքը կորցնելու ոչինչ չունի, ուստի՝ առանց հարցնելու նրան էլ կտանի «Եռաբլուր», որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ։ Փաշինյանը ընթացքի ժամանակ դուրս է նետվել մեքենայից, վայրկյաններ անց՝ հետևից երթևեկող սպիտակ «Տոյոտան» հարվածել է իրեն: Շրջվելով նա նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած մյուս ծնողներն են։
«Հայկական ժամանակը» տեսանյութ է հրապարակել, որում երևում է մեքենայից դուրս նետվելու և Տոյոտայի կողմից վրաերթի ենթարկվելու պահը։
տե՛ս Աշոտ Փաշինյանի առևանգումը «հրավեր էր Եռաբլուր»
«Որդիների կանչի» անդամները հակադարձում են՝ Աշոտը հոժարակամ է նստել Գայանեի մեքենան, կինը ուզեցել է «տղամարդավարի» զրուցել նրա հետ, Հակոբյանը ուղղակի ցանկացել է նրան տանել «Եռաբլուր»։ Առևանգման մտադրություն, ըստ նրանց, իրենք չեն ունեցել։
նստացույց հրապարակում
Ձերբակալված Գայանե Հակոբյանի աջակիցները արդեն մի քանի օր է՝ հավաքվում են դատարանի մոտ։ Պահանջը՝ ազատ արձակել զոհված զինծառայողի մորը։
Ցուցարարների շարքում են նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների անդամներն ու հայտնի համակիրները։ Ընդդիմադիր պատգամավորներից 10-ը նաև անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան։
Կալանավորման մասին որոշման հրապարակումից հետո ցույցի մասնակիցներն այսօր փակեցին Արշակունյաց պողոտան։ Ավելի ուշ հայտարարվեց, որ քայլերթ են անելու դեպի Կառավարության շենք։
Երթը առաջնորդողներից մեկը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին՝ Կոռնիձորում հանրահավաք անողները գալիս են Երեւան՝ իրենց միանալու։
Կրկեսի մոտակայքում պողոտան կրկին փակվեց․ երթի մասնակիցները վանկարկում էին՝ «Ազատություն զոհվածի մորը», «Միացում», «Նիկոլ՝ դավաճան» և կոչ անում «նամուս-թասիբ ունեցող, ընտանիք ունեցող հայերին» միանալ իրենց։
Կրկեսի մոտից ցուցարարները շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն․ երթը առաջնորդող քաղաքացիներից մեկը հայտարարեց, թե իրենք ակնկալում են, որ Ռուսաստանի դեսպանը մեկնաբանի «այս անօրինականությունը», մեկ այլ քաղաքացի հայտարարեց՝ խնդրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և այլ երկրների նախագահներին, որ իրենց դեսպաններին ուղղորդեն «այս անօրինականության դեմ և արձագանքեն այս գործողությանը»։
Ցուցարարները կանգ առան նաև Ֆրանսիայի դեսպանատան մոտ, այնուհետև՝ կարճատև փակեցին Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը։
Արդեն Բարձրագույն դատական խորհրդի մոտից նրանք դիմեցին կալանավորված Գայանե Հակոբյանին, խնդրեցին «դադարեցնել հացադուլը»։
Ցույցի մասնակիցները ավելի ուշ փակեցին նաև Հանրապետության հրապարակը։ Գարիկ Գալեյանը հայտարարեց, թե «պատերազմում զոհված զինծառայողների ծնողները» անժամկետ նստացույց են սկսում։