Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ է մտնում նաև Լեռնային Ղարաբաղը՝ մայիսի 22-ի ասուլիսին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդային հանրապետություններից ժառանգված տարածքների նկատմամբ միմյանց ինքնիշխանությունը ճանաչելու հանձնառությունը Երևանն ու Բաքուն (վերա)հաստատել էին դեռևս 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում և Սոչիում։ Բրյուսելում մայիսի 14-ին տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրախորհրդարանի նախագահն առաջին անգամ հստակեցրել էր՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 86 հազար 600, Հայաստանինը՝ 29 հազար 800 քառակուսի կմ է։ Ադրբեջանական ք․կմ-ների մեջ են մտնում նաև Լեռնային Ղարաբաղը և «անկլավները»՝ վերջին ասուլիսի ժամանակ հաստատել է Փաշինյանը․ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։
Հայաստանի երկուշաբթի օրվա վարչապետի ասուլիսից հետո Ղարաբաղի Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել և համատեղ հայտարարություն հրապարակել։ Նախօրեին հայտարարությամբ են հանդես եկել նաև Ղարաբաղի նախագահը, նրա մրցակիցները, Հայաստանի նախկին նախագահներից երկուսը, Մայր Աթոռը, ՀՅԴ բյուրոն և որոշ նախկին պաշտոնյաներ։
Հիմնական թեզերը՝ ստորև․
Ղարաբաղի նախագահ
հատվածներ Արայիկ Հարությունյանի տեսաուղերձից
— Դիմում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից։
— Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունից լրիվ անջատ տրամաբանությամբ և Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի հաշվին։
— Դիմում եմ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները․․․
— Անկախ Եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել է հստակ պարտավորություններ, որոնք լրջագույն հիմք են եղել պատերազմից հետո Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար:
— Ես ամենևին կառչած չեմ նախագահի պաշտոնից։ ․․․Բայց ոչ մի պարագայում թույլ չեմ տալու ներքին կործանարար իշխանատենչությունը, անձնական նկրտումների բավարարման փորձերը։
— Դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև՝ վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները: Սահմանափակելու եմ նաև հավաքների ազատությունը:
Ղարաբաղի Ազգային ժողով
հատվածներ համատեղ հայտարարությունից
— Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։
— Դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան։
Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահներ
հատվածներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայտարարությունից
— Արցախը չի ընդունել և չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից։
Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ
հատված Ռոբերտ Քոչարյանի՝ Ղարաբաղի Ազգային ժողովի մեծամասնությանը հասցեագրված հայտարարությունից
— Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին:
Հայաստանի երրորդ նախագահ
հատվածներ Սերժ Սարգսյանի հայտարարությունից
— Անցած հինգ տարիներին բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում:
— Ես և իմ գլխավորած ուժը՝ ՀՀԿ-ն․․․ բարձրաձայնել ենք, պայքարել ու շարունակում ենք պայքարել, որքան էլ մեզ զրպարտել են, վարկաբեկել, թիրախավորել․․․
— Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է:
Եկեղեցի
հատված Մայր Աթոռի հայտարարությունից (մայիսի 23)
— Գերագույն Հոգևոր Խորհուրդը դատապարտելի և անընդունելի է նկատում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները։
— Հորդորում ենք իշխանություններին՝ հրաժարվել պարտվողական մտայնությունից․․․
ՀՅԴ բյուրո
հատված հայտարարությունից (մայիսի 23)
— Մենք հավատում ենք՝ միասին կարող ենք բեկել պատմության ընթացքը։ Մենք չենք հանդուրժելու հայ ազգի շահերը ոտնահարող պարտադրվող համաձայնությունները։
հայտարարությամբ հանդես եկած նախկին նախագահներից և ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի/Արցախի անկախությունը չի ճանաչել