Երևի Հայաստանի ներկա իշխանությունները միակ իշխանություններն են, որ ընդհանրապես հող հանձնելու մասին չեն խոսել։ Դա անհեթեթություն է և ներքին քաղաքական շահարկումների թեմա է։ «Ազատության» եթերում այս մասին հայտարարել է Ղարաբաղի արտգործնախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։ «Ես գիտեմ, որ որևէ փաստաթուղթ սեղանի վրա դրած չկա և որևէ բովանդակային քննարկում հիմա տեղի չի ունենում», – նշել է նա։
Հայ-ադրբեջանական հարաբերություններում վստահությունն ամրապնդող քայլերի մասին խոսելիս, պաշտոնյան հիշատակել է հայաստանցի, ադրբեջանցի և ղարաբաղցի լրագրողների փախադարձ այցերը և հակամարտող կողմերի հարաբերական զգուշությունը վերջին բերքահավաքի ընթացքում․ «Այս ամռանը․․․ավելի զգույշ են եղել կողմերը, չեն խանգարել գյուղացիներին հավաքել իրենց բերքը, և դա փաստ է»։
Ղարաբաղի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, բանակցվում է, որ ազատազրկված մարդկանց հարազատներն առաջիկայում կարողանան փոխադարձ այցեր կատարել Ղարաբաղ և Ադրբեջան։ Մայիլյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է ընձեռել այդ հնարավորությունը․
«Նոր գաղափարներից մեկն էլ կա, որը դեռ չի իրականացվել․Արցախում պահվող դիվերսանտների բարեկամները, ինչպես նաև Ադրբեջանում գտնվող հայ պատանդների բարեկամները կարող են այցելել իրենց։ Այդ գաղափարը քննարկվում է, և համաձայնություն առնվազն մեր կողմից կա։ Մնում է լինի հենց հարազատների ցանկությունը, և ինձ թվում է՝ այդ միջոցառումն էլ կարելի է իրականացնել»։
«Նմանատիպ տարբեր քայլեր պետք է արվեն, որ [վստահության] միջավայր ստեղծվի, ռիսկերը նվազեցվեն։ Այսինքն՝ որ Դուշանբեից [1994 թ․ մի կողմից՝ ԼՂՀ-ի և ՀՀ-ի, մյուս կողմից՝ Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը – խմբ․] հետո հիմնականում պահպանվում է հրադադարի ռեժիմը և այս վերջին տարվա մեջ մենք ավելի կայուն իրավիճակ ունենք, քան նախորդ տարիների ընթացքում, սա էլ է փաստ։ Այս ամենը նպաստելու է, որ ձևավորվի այդ միջավայրը, որը թույլ կտա կամաց-կամաց անցնել բովանդակային քննարկումների, որտեղ Արցախի ներկայությունը և այդ ձևաչափի վերականգնումը շատ առանցքային նշանակություն կունենան», – ասել է արտգործնախարար, Ղարաբաղի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։