Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար վիրավորված և ձերբակալված Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում: Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտնել է, որ Իբրահիմովը գրանցված է Գազախ քաղաքի միջհամայնքային հոգեբուժական հիվանդանոցում:
Հայաստանի օմբուդսմենի այցի պահին տեղում են եղել փաստաբանը և քննիչը, ովքեր այդ պահին իրականացրել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ:
Քրեական վարույթին ներգրավված է ադրբեջաներենի՝ լիցենզավորում ունեցող թարգմանիչ։
Էլվին Իբրահիմովի գործին ներգրավված է փաստաբան Հայաստանի հանրային պաշտպանի գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի այցի պահին փաստաբանն արդեն ունեցել էր հանդիպում Է. Իբրահիմովի հետ, պարզաբանել նրան իր իրավունքները և ներկայացրել հարուցված քրեական գործի հետ կապված հանգամանքները:
Օմբուդսմենի առանձնազրույցը Էլվին Իբրահիմովի հետ տեղի է ունեցել ադրբեջաներենի թարգմանչի մասնակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին է ներկայացրել իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու և թարգմանչի միջոցով հաղորդակցվելու, իրավաբանական օգնություն ստանալու, արտաքին աշխարհի, այդ թվում՝ ընտանիքի հետ կապ հաստատելու իրավունքները և այլն:
Իբրահիմովին պարզաբանվել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է անմիջականորեն զանգահարել Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին, որն ակտիվ է 24 ժամ՝ անկախ աշխատանքային օրերից:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Իբրահիմովը ցանկություն է հայտնել հանդիպելու իր ընտանիքի անդամներին՝ որդուն, հորը, մորը, եղբորն ու քրոջը կամ խոսելու նրանց հետ։
Օմբուդսմենը, ըստ հաղորդագրության, հարցը քննարկել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ: ԱԱԾ պատրաստակամություն է հայտնել ապահովելու Իբրահիմովի շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ՝ թղթային, հեռախոսային կամ տեսաձայնային կապի միջոցներով: Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպելու Իբրահիմովի և նրա ընտանիքի անդամների հանդիպումը Հայաստանի տարածքում և երաշխավորելու նրանց անվտանգությունը երկրում:
Այցին ներգրավված բժիշկը ուսումնասիրվել են Իբրահիմովի առողջական վիճակն ու նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Արձանագրվել է, որ նրա առողջական վիճակը բավարար է, հիվանդանոց է ընդունվել աջ ստորին վերջույթի սրունքի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով: Հիվանդանոցային պայմաններում իրականացվել է նրա ստորին վերջույթի վրա առկա վերքերի առաջնային վիրաբուժական մշակում և արտաօջախային օստիոսինթեզ:
Այցի ընթացքում արձանագրվել է որ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն և նրան նշանակվել է ռենտգեն հետազոտություն:
Ըստ ՊՆ-ի, Էլվին Իբրահիմովը Հայաստանի սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: Սահմանը ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):