Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018-ի փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն պատիժը կրելուց հետո՝ 2019թ. փետրվարի 02-ին, ազատ է արձակվել։
Ըստ Արցախի դատախազության՝ Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող՝ 2017թ. փետրվարի 1-ին, «առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից»:
Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ Հուսեյնզադեն օրենքի սահմաններում է դատապարտվել ու կրել իր պատիժը. «Նա որևէ ահաբեկչական արարք չի արել, բոլոր իրավական պրոցեդուրաները պահպանելով` կրել է իր պատիժը և ըստ օրենքի՝ ազատ է արձակվել»։
Հուսեյնզադեի ազատ արձակումը չպետք է քաղաքականացնել, շեշտեց Բաբայանը․ «Չպետք է քաղաքականացնենք, որովհետև նա որևէ կապ չունի ահաբեկիչների հետ։ Եթե կատարած լիներ ծանր հանցագործություն, ուրեմն կկրեր պատիժը։ Նրա ազատ արձակումը օրենքի շրջանակներում է, մարդասիրական նորմերի շրջանակներում է նաև գործընթացը»։
Բաբայանի խոսքով՝ Հուսեյնզադեն հայտարարել է, որ չի ուզում վերադառնալ Ադրբեջան՝ ասելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում հայրենիքում։
«Սովորաբար նման ընթացակարգերի դեպքում անձը տեղափոխվում է երրորդ երկիր», – հայտնեց Բաբայանը՝ հավելելով, որ սա միակ ու բացառիկ դեպքը չէ, որ Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի է ազատ արձակվում։
Ներկայում Ադրբեջանում գերության մեջ են գտնվում նաև Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանը, Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Բացի Էլնուր Հուսեյնզադեից հայկական կողմում են Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը։ Վերջիններս ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործություններում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության հոդվածներով։